23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ասաց Պուտինը

Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է, իսկ ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին նման համոզմունք հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ շարունակում է աճել նաև ԵԱՏՄ երկրների գումարային ՀՆԱ-ն, արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը:

«Միաժամանակ, մեր միության առջև ծառացած են նոր, մասշտաբային խնդիրներ: Կարծում ենք, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին: Գերակայությունների թվում է նաև ֆինանսական ոլորտում միութենական կարգավորումների ներդրումը: Ընթացիկ նիստի արդյունքներով՝ խոսքը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպցիայի հաստատման մասին է: Այս փաստաթուղթը կդառնա բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ օպերացիաների ունիվերսալ կանոնների մշակման եւ հաստատման ճանապարհային քարտեզ, որով նախատեսված միջոցառումների իրականացումը մեր երկրների քաղաքացիների համար հասանելի կդարձնի ֆինանսական գործիքները»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ լավ տեմպերով է կատարելագործվում նաև էներգետիկայի ոլորտում Միության օրենսդրության կատարելագործումը: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:

«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածությունը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025թ-ին: Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում: Անհարժեշտ է նաև շարունակել զարգացնել անդամ երկրների համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում: Մասնավորապես, ընդհանուր շահերից է բխում աշխատատեղերի որոնման ստանդարտացված համակարգի մեկնարկը, որը թույլ կտա մեր երկրների քաղաքացիներին ինտերնետի միջոցով իմանալ ազատ աշխատատեղերի մասին Միության բոլոր երկրներում»,- շեշտեց ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեր այսօրվա որոշման համաձայն կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը: Պիլոտային նախագիծը հաստատել է այս միջոցի արդյունավետությունը մաքսանենգ ապրանքերի դեմ պայքարում ու ավելացրել հարկային մուտքերը»,- նկատեց Պուտինը:

ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ: «Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև՝ ավելի քան 120 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ