24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում. Սերժ Սարգսյանի խոսուն շնորհավորանքը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:

Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ