Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։
«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։
Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։
Հարցը, նախարարի խոսքով, փոխանակման տեսանկյունից չի դիտարկում և դա ճիշտ մոտեցում չէ։ Դա, ըստ նախարարի, հումանիտար գործողություն է։
«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան», – ասաց նախարարը։
Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։
«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է», – ընդգծեց նախարարը: