՛՛Գժություն է. հերթական ծաղրը և իշխանություններին, և հասարակությանը՛՛
”Դա արդեն գժություն է և նոր խելագարություն”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանն, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նշենք, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Այդ պատճառով նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:
Այս պատճառաբանությունն Արամ Մանուկյանը ծիծաղելի է համարում: ՛՛Հակառակ ծայրից են գալիս, պետությանը և կառույցին հարկավոր է այսքան գումար, պետք է, դրա համար իրենք որոշել են թանկացնել, կարող է պետք լիներ իրենց հարյուր միլիարդ դրամ, կավելացնեին հարյուր դրամով, ի՞նչ խնդիր կա: Սա ծաղր է և իշխանություններին, և իրենք պետք է պատասխանեն սրան, և հասարակությանն ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այդ կառույցին հարկավոր է այսքան գումար: Ինձ էլ է շատ գումար պետք, ի՞նչ անեմ, դիմե՞մ Ռոբերտ Նազարյանին, ասեմ՝ թանկացրու, մի մասն էլ ինձ տո՞ւր՛՛,-նշեց Մանուկյանը:
Նկատենք, որ այս օրերին լուրեր տարածվեցին նաև գազի հնարավոր թանկացման հետ կապված: ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Երեկ, սակայն, ՛՛Գազպրոմ Արմենիա՛՛ ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները` հայտարարելով, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար, նշելով նաեւ, որ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողությամբ: Այսինքն՝ Ֆինանսների նախարարությունն անուղղակի հաստատում է, որ փաստացի գազի գինը սահմանին կազմում է 1000 խմ-ն՝ 220 դոլար:
Այս թյուրիմացության մասին Արամ Մանուկյանն ասաց. ՛՛Գազի հետ կապված կա հստակ հակասություն, մաքսային տվյալներով հստակ երևում է, որքան գումար է մուծվել և հստակ երևում է որքանը գազի համար, այդ երկու թիվը բաժանում ես, ստացվում է 220 դոլար, եթե հետևենք այդ տրամաբանությանը, նշանակում է՝ երեսուն դոլար ավելացել է գազի գինը: Հայռուսգազարդը տալիս է այլ թվեր գնի, ծախսի ու մուծված գների առումով:
Ես փորձել եմ ճշտել գների կարգավորման հանձնաժողովի մրջոցով, իրենք ասում են՝ քսան տոկոս բաժնեմասի գումարի վաճառման պրոցեսի արդյունքն է, որը տրամաբանական չէ, չի բացատրվում՝ ինչպես կարող է այդպես լինել՛՛: Ըստ Մանուկյանի՝ եթե մենք պարտք էինք, ապա դա պետք է առանձին տողով գրվեր: Նա շեշտեց, որ որպես գազի հանձնաժողովի անդամ դիմելու է հանձնաժողովին, որ կառավարությունից պարզաբանությումներ պահանջեն այս անճշտության վերաբերյալ:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է ձմռանն ապրելու քաղաքացին, Մանուկյանն արձագանքեց, որ ձմեռ պետք չէ հասնել, բոլոր հարցերը պետք է լուծվեն ամառը: