Նպատակը մեկն է՝ վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին
Բարեկամներ, պետք չէ տուրք տալ հրապարակ նետված կեղծ գրություններին, բաց նամակներին և ուղերձներին, որոնց շարադրանքն ինքնին հուշում է, որ հեղինակները հաղորդ չեն եկեղեցական կյանքին և չեն տիրապետում անգամ հոգևոր իրողություններին վերաբերող պարզ, հանրամատչելի տեղեկատվության: Նպատակը մեկն է` հնարավոր բոլոր միջոցներով և ուղիներով, արժեքների և սրբությունների ոտնահարումով վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և այդպիսով տկարացնել և հոգևորականությանը, և ժողովրդին:
Հակառակ բոլոր տեսակի արդար և անարդար քննադատությունների ճշմարտություն է, որ Եկեղեցին կատարյալ է իր Փրկչի և Տիրոջ պես, և այդ կատարելության հետ միության ու ներդաշնակության ձգտում ենք ամենքս` անկախ մեր հանգամանքից, սոցիալական վիճակից ու կոչումից:
Կան արժեքներ, որոնք հարստացնում և վեհացնում են յուրաքանչյուրիս ծառայության և նվիրումի առաքելությունը, և ոչ ոք չպետք է հանդգնի ոչնչացնել կամ խեղել դրանք: Առաքինություն է այդ սրբության երկնաձիգ կառույցին թեպետ և ավազահատիկի չափ քար ավելացնելը և անեծք` մեկ ուրիշի քրտինքով և արյամբ պահպանված և փոքր ինչ ավելի պայծառացած հաստատության հիմքերից այդ ավազահատիկը քանդել-հեռացնելով այն փորձել սասանելը: Այդ Աստվածահիմն կառույցին սատարելու հորդորով, սիրով և աղոթքով` ձեր հոգևոր սպասավոր` Վահրամ քահանա
Վահրամ քահանա Մելիքյանի Facebook-յան էջից