Թ. Թորամանյան 150-ամյակ. Երևանում անցկացվում է ”Պատմամշակութային ժառանգության պահպանություն” խորագրով միջազգային գիտաժողով
Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագիրը: Ծրագիր, որը խիստ արժեքավոր ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանում երիտասարդության նեգրավվածության մեծացման, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում:
Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվեցին որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիաներ: Նոր ուժով սկսեց գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան:
Ծրագրի շրջանակում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ, որոնք ծրագրի ավարտին կհատկացվեն տեղական հաստատություններին:
Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի ղեկավարների` աշխղեկների վերապատրաստման դասընթացները:
Ծրագրի ավարտը կնշանավորվի 2014 թվականի հունիսի 4-6-ը, Երևանում կայանալիք «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովով՝ նվիրված հայազգի ականավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի 150-ամյակին: Հատկանշական է, որ մեծանուն ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. Հոբելյանական միջոցառումների օրացույցում: Գիտաժողովում անպայմանորեն անդրադարձ կարվի ծրագրի արդյունքներին, կամփոփվեն հաջողություններն ու ձեռքբերումները, կնախանշվեն հետագա համատեղ ծրագրերի իրականացման նոր ուղիները:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն ծրագրում ընդգրկված հետևյալ թեմաները.
- Վերականգնումը Հայաստանում՝ անցյալը, ներկան և ապագան,
- Նորամուծություններ և կրթական ծրագրեր Հայաստանում ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում,
- Ուսումնասիրություններ` նվիրված Թորոս Թորամանյանին,
- Արուճի վերաբերյալ ուսումնասիրություններ և նախագծեր,
- Ուսումնասիրություններ Տաթևի վանքի վերականգնման վերաբերյալ,
- Որմնանկարների վերականգնում,
- Միջազգային նախագծեր մշակութային ժառանգության պահպանման ոլորտում,
- Հայկական ճարտարապետական ժառանգություն,
- Հնագիտություն,
- Պատմամշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններ,
- Արդի ժառանգություն,
- Ստրուկտուրալ ամրակայման նախագծեր Հայաստանում և արտերկրում,
- Մշակութային ժառանգության դերը զբոսաշրջության զարգացման գործում:
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Պորտուգալիայից:
Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:
Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել պաշտոնական կայք` http://chp2014.restauroarmenia.org/: