Ոչ միայն ունենալու ենք ծիրան, այլև արտահանելու ենք
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը այսօր Ազգային ժողովում 2013 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարկտահարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տնտեսական աճի առումով:
Նախարարը նկատեց, թե կարկուտը նորություն չի, հարևան երկրները ևս դրանից տուժում են: Նա հայտնեց, որ այս տարի կարկտահարությունից հիմնականում տուժել է ծիրանի բերքը: Նախարարի խոսքով՝ եթե անցյալ տարի ստանում էինք ութսուն հազար տոննա ծիրան, ապա այս տարի ութից տասը հազար տոննա կլինի, գուցե մի քիչ ավել: ՛՛Հիմա ամբողջ շուկան լցված է ցոգոլով, ուրեմն ծիրան կա, չէ՞, այնպես որ բերք կունենանք: Ճիշտ է՝ քիչ, բայց նաև կարտահանենք ծիրան: Մեր տնտեսական աճը, սակայն, միայն ծիրանով չի որոշվում: Այս տարի նաև լոլիկի, բոստանային կուլտուրաների ծավալներն են ավելանալու՛՛,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ դեռևս կխուսափի թվեր նշելուց, սակայն կարծում է, որ աճ են արձանագրելու: Կարապետյանը տեղեկացրեց, որ շրջելու են համայնքներով, գյուղացիների հետ աշխատանք պիտի տանեն՝ տարեվերջին լավ ցուցանիշներ արձանագրելու համար: