Ինչպես է ՛՛ատկատ՛՛ արվում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ պետպատվերի բաշխման համակարգն ուղեկցվում է ատկատի ապահովման մեխանիզմով: ՛՛Որևէ նախարար այդ երևույթի դեմ չի պայքարել: Ստացվում է, որ այն միջոցները, որ հատկացվում են բուժհաստատություններին մեկ տարվա համար պետպատվերի շրջանակներում, որպեսզի քաղաքացին, հիվանդը կարողանա օգտվել, օգոստոսին արդեն միջոցներ չեն լինում և այդ մասին հիվանդին ուղղակի ասում են, որ մենք միջոցներ չունենք պետպատվերի շրջանակներում ձեզ սպասարկելու՛՛,-այսօր ԱԺ-ում, դիմելով Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ասաց պատգամավորը:
Ըստ Սարգսյանի՝ բոլոր այն գումարները, որոնք պայմանավորված հիվանդանոցների հետ, տրվում են հիվանդանոցներին, և դրա մի մասը վերադարձվում է հետո նախարարություն, արդյունքում գումարները կրճատվում են և, բնականաբար, քաղաքացին չի սպասարկվում պետպատվերի շրջանակում, և դա առաջացնում է մեծ դժգոհություն:
Նորանշանակ նախարարը պատասխանեց, որ իրավահաջորդ է և, անշուշտ, կիսում է պատասխանատվություն: ՛՛Պետպատվերի տեղադրման հարցում կա համապատասխան նախարարի կողմից հրաման, ով ստեղծել է հանձնաժողով և հատուկ չափորոշիչներ, որոնք որ տեղաբաշխվում են պետպատվերի գումարները համապատասխան առողջապահական օղակներում: Կարող ենք ուսումնասիրել և փոխադարձ դա անել՝ ինչպիսի մեխանիզմներ են այդտեղ աշխատում, ինչն են հաշվի առնում՝ լիցենզիայի պայմաններից սկսած մինչև կատարած աշխատանքը, բուժման եղանակները, հերթագրման պայմանները և այլն՛՛,-ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ փորձում են նոր մոտեցում ցույց տալ, կատարելագործել եղածը և տեսնել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, պետք է քննարկեն ոչ միայն կատարողական ծավալները, այլև որակը:
՛՛Այստեղ կան լուրջ էթիկական վերլուծության խնդիրներ, որոնք պահանջելու են նոր մոտեցումներ: Առաջին երկու մասը կարելի է թվայնացնել, երրորդը՝ ոչ, բայց կան լուծումներ. հերթագրման կազմակերպումն, օրինակ, այս պայմաններում, երբ դիմելիությունը շատ ցածր է և այն ժամանակ է, երբ պետք է նեղ մասնագիտական օգնություն, լինելու են հերթեր, բայց յուրաքանչյուր հերթ իր կանոնակարգման ձևն ունի և այդ կանոնակարգումը կա, մնացել է նրա իրականացումը: Այդ մասը պետք է խիստ հսկվի: Այս երեք ուղղություններով պետք է իրականցվեն նոր մոտեցումներ՛՛,-եզրափակեց նա: