Սուրիկ Խաչատրյանը ծանր է տանում թեկնածուի ինքնաբացարկը
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական Տիգրան Կարապետյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Գորիսում ընտրությունները ավարտված են:
“Երեւի նա ծանր է տանում իմ ինքնաբացարկը, դրա համար ավարտած է համարում ընտրությունները”,-ասաց Տիգրան Կարապետյանը:
Այլ կերպ նախկին մարզպետի ասածը նախկին թեկնածուն չի կարող մեկնաբանել, քանի որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրության արդյունքներն ամփոփվում են քվեարկության ավարտից հետո: “Իսկ քվեարկությունը հունիսի 8-ին է, ժամը 8-ից 20.00-ը: Դրա համար նախկին մարզպետը ծանր է տանում իմ ինքնաբացարկը”,-ասաց Տիգրան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուներից երկուսը՝ անկուսակցական Տիգրան Կարապետյանն ու ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը ինքնաբացարկ են ներկայացրել: Առայժմ ընտրապայքարը շարունակում են ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը: