23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ,  «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով: Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու  Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։ 

Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:

Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների կողմից ֆրանսերենով պատրաստված նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:

Ստորև համառոտ ներկայացնում ենք վերջերս հրապարակված նյութերի ցանկը․

«Cooperation» բաժանորդագրային հանդեսը Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից է, պատկանում է Coop սուպերմարկետների ցանցին, այն ամեն շաբաթ ուղարկվում է ավելի քան 600 000 տուն (ավելի քան 1.5 միլիոն ընթերցող): Հունիսի 18-ի համարում Հայաստանը ներկայացվել է 4 էջում` նկարներով համեմված և «Հայաստանը հավատում է իր ապագային» վերնագրիրը կրող գեղեցիկ հոդվածով:

Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)` «Le Nouveliste»-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակվեց համանման «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը:

Նույն հոդվածը լույս է տեսել նաև «Le Nouveliste»-ի հետ նույն մեդիա խմբի մեջ գտնվող և Նյուշատել կանտոնում լույս տեսնող «Arcinfo» օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:

Գերմանալեզու «Wendezeit» բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրված է Գյումրիին:

«Paris Match Suisse Edition» (50 000 ընթերցող) հանդեսի հունիս-սեպտեմբեր համարում լույս է տեսել էքսկլյուզիվ հոդված Շարլ Ազնավուրի վերանորոգվող տուն-թանգարանի մասին, որը մոտ ապագայում, հեղինակի ներկայացմամբ,  դառնալու է «համաշխհարային մակարդակի տեսարժան վայր»:

Այցի արդյունքում Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում (www.presstourism.ch) հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով: Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ