ՄԻՊ-ը կրկին հորդորում է դատական դեպարտամենտին
Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը, հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը:
Մենք շատ պարզ եւ մատչելի ներկայացրել ենք, որ ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով: Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ, շփոթում է “պետական տուրքի” եւ “փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող ծախսեր” հասկացությունները: Եթե դատական ակտի մեկ էջի պատճենահանման առավելագույն ծախսը, օրինակ, կարող է լինել 10 դրամ, ապա Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է դատական ակտի յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ պետական տուրքի վճարման պահանջ: Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Կրկին հորդորում ենք Դատական դեպարտամենտի ղեկավարությանը փոխել իր գործելաոճը եւ լուրջ քայլեր ձեռնարկել ապօրինի գանձումները դադարեցնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ օրենքի խախտումը շարունակելը կամ երկարաշունչ հայտարարություններով պարտակելը նախկինում եւս բացասական հետեւանքներ են առաջացրել թե՛ քաղաքացիների եւ թե՛ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարության համար:
Պաշտպանի աշխատակազմ