28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրա՞ստ եք հրաժարական տալ, եթե Վահե Գրիգորյանը խախտի պահանջը. բաց հարցեր՝ Արարատ Միրզոյանին. 168.am

168.am-ի այս հերթական, բայց խիստ կարևոր նյութն իր կառուցվածքով, թերևս, տարբերվում է մնացած բոլոր հրապարակումներից, սակայն Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության բազմաչարչար և ըստ երևույթին վերջապես ավարտվող գործընթացի նախօրեին շատ կցանկանայինք պարզապես ստանալ մեզ և, վստահ ենք, հանրապետության իրավագիտակից քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետաքրքրող՝ ստորև բերվող հարցերի պատասխաններն անձամբ Արարատ Միրզոյանից, ով թիվ մեկ քաղաքական մարմնի ղեկավարն է։

Քանի որ այս հարցերը հանրային մեծ հետաքրքրություն ու հնչեղություն ունեն, մենք այն ԱԺ նախագահին ենք ուղղում հրապարակայնորեն։ Պատասխանները ևս կհրապարակվեն նույն ձևաչափով։

 Հարգելի պարոն Միրզոյան, խնդրում ենք հրապարակայնորեն պատասխանել հետևյալ հարցերին

  1. Ձեր գործընկերներն իշխող խմբակցությունից բազմիցս շեշտել են, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, որ քաղաքական նպատակահարմարությունը դեր ունի ՍԴ դատավորի ընտրության հարցում, որ առկա է քաղաքական բաղադրիչ այդ ընտրության ժամանակ, Ձեր քաղաքական ուժը ներկայացնող վարչապետը հեռուստաեթերով հայտարարում է Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուի բարձր որակների մասին, ընդ որում, դա անում է միայն այդ թեկնածուի դեպքում, ուստի.

-Վահե Գրիգորյանը Ձեր քաղաքական ուժի կամ վարչապետի՞ թեկնածուն է, թե՞ նա  ՀՀ նախագահի թեկնածուն է։

-Կնշե՞ք Սահմանադրության կամ ՍԴ օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ Դուք պետք է գնահատեք քաղաքական բաղադրիչը կամ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության քաղաքական նպատակահարմարությունը։

-Եթե հիմք ընդունենք այն փաստը, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, հետևաբար, նրա կողմից անկախ և անաչառ, ապաքաղաքական մարմինների պաշտոնատար անձանց ընտրությունն ունի քաղաքական բաղադրիչ կամ առկա է քաղաքական նպատակահարմարության հարց, ապա որքանո՞վ է,  Ձեր գնահատմամբ՝ այն եղել որոշիչ նախորդ ընտրությունների ժամանակ, և ինչո՞ւ են Ձեր քաղաքական ուժի ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դուք՝ ԱԺ նախագահը, Ձեր խմբակցության մի շարք պատգամավորներ շեշտում հենց տվյալ թեկնածուին. Արդյո՞ք այդ դեպքում խոսք չի գնում զուտ քաղաքական և նույնիսկ անձնական նախապատվության մասին.

-Եթե ԱԺ-ն քաղաքական մարմին է, ապա արդյոք պատրաստվո՞ւմ եք նաև Բարձրագույն դատական խորհրդի, հետագայում` Վճռաբեկ դատարանի, ինչո՞ւ չէ` նաև հակակոռուպցիոն ինքնավար մարմնի անդամների պաշտոններում ընտրությունը կատարել քաղաքական նպատակահարմարության կամ անձնական նախընտրության սկզբունքներով, թե՞ սահմանափակվելու եք միայն ՍԴ-ով, քանի որ ՍԴ-ն, Ձեր թեկնածուի գնահատմամբ, քաղաքական մարմին է:

  1. Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի` որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի, միջամտությունն Ազգային ժողովում Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը։ Արդյո՞ք դա ցուցում չէ Ձեր խմբակցությանը, ինչպես որ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ Ձեզ ուղիղ ցուցում տրվեց նախապատրաստել, այսպես կոչված, վեթինգի վերաբերյալ նախագիծը, բացի այդ` ի՞նչ է, նախորդ թեկնածուները, վարչապետի գնահատմամբ, բավարար որակներ չունեի՞ն ընտրվելու համար։ Արդյո՞ք դա վարչապետի և ԱԺ մի շարք պատգամավորների կողմից խտրականության դրսևորում չէ այլ թեկնածուների նկատմամբ, որոնք նույնպես փորձում էին իրականացնել հանրային ծառայության անցնելու իրենց հիմնարար իրավունքը։ Արդյոք չե՞ք տեսնում այստեղ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքների ոտնահարում` մեկ քաղաքական միավորին կամ անգամ մեկ անձին առավելություն տալով։
  2. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր թեկնածուի այն հայտարարությունը, որ (մեջբերում ենք). «Սահմանադրական դատարանը ապակուսակցական (շեշտադրում ենք) քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է»: Համամի՞տ եք այս ձևակերպումների հետ։ Եթե ոչ, ապա չե՞ք կարծում, որ նա իրեն քաղաքական մարմնի գործիչ է պատկերացնում, և վտանգ չե՞ք տեսնում քաղաքական գործունեությամբ չզբաղվելու սահմանադրական պահանջի խախտման մեջ, պատրա՞ստ եք հրաժարական տալ, եթե նա խախտի այս պահանջը, կամ ստորագրահավաք սկսել նրա լիազորությունները դադարեցնելու համար։
  3. Համաձայն Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի` Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, այսինքն՝ երբ ԱԺ-ն ՍԴ դատավոր է ընտրում, պետք է առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ, որի 165-րդ հոդվածի 1-ին մասում ուղղակիորեն նշվում են ՍԴ դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները, այն վերապահմամբ, որ նույն հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տվել օրենսդրին ՍԴ մասին սահմանադրական օրենքով սահմանել լրացուցիչ պահանջներ, ինչը և օրենսդիրն արել է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածում: Կարող եք ասել, թե այդ պահանջներից, որում է առկա քաղաքական ենթատեքստ, ինչպե՞ս է ԱԺ-ն ղեկավարվել կամ ղեկավարվելու քաղաքական բաղադրիչով կամ քաղաքական նպատակահարմարությամբ: Եթե ասեք, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, ապա դա ԱԺ-ի միայն մի փոքր բնութագրիչն է, ԱԺ-ն՝ որպես միակ ներկայացուցչական և օրենսդիր մարմին, ունի միայն Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ:
  4. Ձեր թեկնածուի բարոյական որակների հետ կապված` բացառո՞ւմ եք արդյոք, որ Հանրապետության նախագահը դատական հայց ներկայացնի իրեն հասցված կոպիտ վիրավորանքի համար, ի՞նչ եք կարծում, փաստաբանական էթիկայի և բարոյականության տարրական կանոնների բազմակի և պարբերական խախտումները Ձեր թեկնածուի կողմից նրա բարոյական որակները չե՞ն նսեմացնում, այսինքն, նա բավարարո՞ւմ է բարձր բարոյական որակներ ունենալու` սահմանադրական օրենքով սահմանված պահանջին (պատասխանելուց առաջ խնդրում ենք մտածեք, քանի որ, եթե վիրավորանք հասցնելը սովորական երևույթ է Սահմանադրական դատարանի դատավորի համար, ապա այն առավել ևս սովորական կարող է դառնալ պատգամավորի, ոստիկանի, զինվորականի, քաղաքացիական ծառայողի, մեր և Ձեր հանդեպ, ինչպես նաև ցանկացած քաղաքացու համար` հանրային կամ մասնավոր կյանքում):
  5. Ձեր թեկնածուն շատ էր խոսում մրցույթի անհրաժեշտության մասին, սակայն, եթե նույնիսկ նախորդ ընտրություններում կարելի էր խոսել ինչ-ոչ մրցույթի մասին, համենայնդեպս, գոնե թեկնածուները մեկից ավելի էին, ապա այս դեպքում նախորդ ընտրությունից հետո Հանրապետության նախագահը նույնիսկ հայտարարություն չի արել թեկնածուների առաջադրման համար։ Արդյոք դա արդարացի՞ ընթացակարգ է, Դուք ստուգե՞լ եք՝ արդյոք դիմողներ եղե՞լ էին, թե՞ ոչ, արդյոք չի՞ եղել մի հավակնորդ, որին Հանրապետության նախագահն անտեսել է, թե՞ ոչ: Հիշում ենք, թե ինչպիսի մանրակրկտությամբ էիք հաշվում նախորդ թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ստաժը, ինչպիսի հոգեբանական-հավատաքննական գրոհի էիք ենթարկում մյուս թեկնածուներին:
  6. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՍԴ մասին սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-ր մասը. այն ո՞ւմ է վերաբերում, ընտրո՞ղ, թե՞ առաջադրող մարմնին, թե՞ երկուսին էլ: Եթե նոր թեկնածու պետք է առաջադրեր Նախագահը, իսկ դա ակնհայտ է օրենքի տեքստից, ապա ինչո՞ւ եք գրանցել նրան: Եթե նոր թեկնածուն նա է, որն ընդամենը նախորդ առաջադրման ժամանակ չի ներկայացվել, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք նույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում` «նոր դատավոր» եզրույթը, կամ նոր ասելով՝ մենք ընդհանրապես ի՞նչ եք հասկանում` ա՞յլ, թե՞ նախորդ ժամանակներից մեկում արդեն հայտնի մեկը, որը վերջին նոր է դառնում: Արդյոք չե՞ք գտնում, որ նոր թեկնածու առաջադրելու պահանջը բխում է հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքից, որը շատ էր վկայակոչում Արդարադատության պաշտոնաթող նախարարը, իսկ չէ՞ որ այլ անձինք ևս, եթե մեկն առաջադրվում և մերժվում է, պետք է հնարավորություն ստանան հավակնելու բարձր պաշտոնների:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ