23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է՝ ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ կիրառի օրենքը. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը պնդում է՝ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի վարույթ ընդունել դատախազի ներկայացրած բողոքները։

«Դատախազ Պետրոսյանը Վերաքննիչ դատարան բողոքարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու մասին որոշումը, և նաև բողոքարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով առաջին ատյանի դատարանը ՍԴ էր դիմել և կասեցրել էր գործի վարույթը։ Այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չէին։ Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։ Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նշեց՝ բոլոր այն ճնշումները, որոնք եղան դատավորի վրա Առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելիս, կլինեն նաև Վերաքննիչի դատավորի նկատմամբ.

«Հասկանալի է, որ Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի ինքը, եթե հանկարծ կիրառի օրենքը։ Իսկ օրենքն ասում է՝ այդ վերաքննիչ բողոքները պետք է թողնվեն առանց քննության»։

Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի դատավորը նույն կերպ թիրախ կդառնա, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Փաստաբանն ընդգծեց՝ իրենց համար տարօրինակ է, որ այդ երկու բողոքներն էլ «պատահականության» սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ։

«Ընդ որում՝ այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման գործընթացում վերջին, նախավերջին կամ վերջից երրորդ տեղում է եղել։ Փաստաբանները մշտապես նկատել և բարձրաձայնել են այն հանգամանքը, որ տվյալ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր։ Նա երբևիցե աչքի չի ընկել այնպիսի որոշումներով, որոնք հակասեին դատախազության դիրքորոշմանը»։

Ալումյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի պատրաստվում են դիմել Վերաքննիչ քրեական դատարան և պահանջել իրենց տրամադրել այդ ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ, իմանալու համար՝ ինչ միջամտություն է եղել բողոքների մակագրման հետ կապված։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ