26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տխուր թվեր եւ լավատեսական կենացներ. 168 Ժամ

Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր:

Օրինակ, այս պնդումը. «Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»: Այն ինքնատիպ ու հիմնավոր բացատրություն ունի. «Տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան կրթությունը»: Ուստի պետությունը պիտի ստեղծի պայմաններ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ավելի արագ հարմարվելու փոփոխվող պայմաններին: Ահա այսպես:

Վերջին 10-15 տարին մեր իշխանավորները երկրի տնտեսական ապագան միշտ կապել են կրթության հետ: Բավական է հիշել նախկին վարչապետներից մեկին վերագրվող՝ «գիտելիքահեն տնտեսություն» արտահայտությունը, որից առ այսօր ոչ ոք կոնկրետ արդյունք չի տեսել: Կրթության որակի մասին խոսելով՝ զուտ օրվա տնտեսական շահից ելնելով՝ մեր բուհական համակարգը վաղուց դարձրել ենք երկրում ամենահաջողակ գործող բիզնես ձեռնարկներից: 3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող երկրում գործում է 61 բուհ:

Բուհական ուսանողների քանակը (վերջին պաշտոնական տվյալներով՝ մոտ 79 հազար) կարող է տպավորություն ստեղծել, որ բուհական համակարգը երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի ամենաարդյունավետ հնարքն է: Երկրում բարձրագույն կրթություն ստացողների մեկ երրորդից ավելին մասնագիտանում է երեք ոլորտում: Դրանք կռահելն ամենևին բարդ չէ` տնտեսագիտություն (մոտ 20 տոկոս), մշակույթ և առողջապահություն (6 և 7-ական տոկոս):

Եթե հումանիտար կրթություն ստացածներից անջատենք իրավաբանների քանակն ու գումարենք այս երեք խմբին՝ կհամոզվենք, որ մեր ուսանողների կեսից ավելին մասնագիտանում է չորս ոլորտի գծով (դրանցից ամենամշուշոտը հենց իրավաբանների ապագան է, եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը, հնարավոր է, թևակոխի «անցումային արդարադատության» փուլ, ուր, հարկավ, իրավաբանների պետք չի լինելու):

Բայց հասկանալի է, որ պետությունը միայն բարձրագույն կրթություն ունեցողների համար չէ, որ հատուկ պայմաններ պիտի ստեղծի, որպեսզի նրանք հարմարվեն փոփոխվող պայմաններին: Մեր երկրում գործող 93 հաստատություններում մոտ 23 հազար երիտասարդ միջնակարգ մասնագիտական կրթություն է ստանում: Մի շտապեք եզրակացնել, որ այս հիմնարկությունները զոդող, քարտաշ կամ որևէ հարակից մասնագիտությամբ կադրեր են պատրաստում:

Այս հիմնարկություններում սովորողների մոտ 24 տոկոսը մասնագիտանում է արվեստի և դիզայնի ոլորտում: Եթե նրանց թվին գումարենք առողջապահության (մոտ 22 տոկոս) և տնտեսագիտության (ևս 22 տոկոս) ոլորտներում միջնակարգ մասնագիտական կրթություն ստացողներին, կտեսնենք, որ այս մակարդակում էլ էական տարբերություն չկա: Այս համակարգն էլ լծված է երիտասարդության շրջանում գործազրկության ծավալները կրճատելու նպատակին: Իսկ գործազրկության մակարդակը մեր երկրում պաշտոնապես առնվազն կրկնակի գերազանցում է թույլատրելի բոլոր սահմանները:

Հիմա գործազրկության հաշվարկի մեթոդաբանությունը փոխվել է: Նախկինում հրապարակվում էր միայն զբաղվածների և գործազուրկների քանակը: 2018-ի վիճակագրությունը հաշվարկում է նաև «սննդամթերքի բնաիրային արտադրության գործունեություն իրականացնող անձանց» քանակը: Սա իրական գործազրկության ծավալն ավելի պակաս ներկայացնելու նպատակ չունի:

Այս մեթոդաբանությամբ նույնիսկ 2017-ի տվյալներն են հաշվարկվել: Դրանք ավելի բարձր են, քան նախորդ մեթոդաբանության հաշվարկների արդյունքները: Տեսեք՝ նոր մեթոդաբանությամբ 2017թ. զբաղվածների քանակը 903.3 հազար մարդ էր: 2018-ին զբաղվածների քանակը պաշտոնապես ավելացել է 12.2 հազարով (կազմել է 915.5 հազար): Այս ավելացման արդյունքում 2017-ի արձանագրված գործազուրկների քանակը 2018-ի համեմատ պակասել է 2.5 հազարով (2017-ին հաշվառվել է 236.5 գործազուրկ, 2018-ին` 234):

Կարճ ասած՝ «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը սկսվեց տխուր թվերի հրապարակմամբ: Բայց նկատենք, որ դա (իմա` տխուր թվերի հրապարակումը) ուղեկցվեց բարի ցանկություններով ու ճիշտ մաղթանքներով: Այ, բարի մաղթանքների ու լավատեսական կանխատեսումների հարցում մեր իշխանավորների հետ չես մրցակցի: Երբեք:

Այլ հրապարակումներին ծանոթացիր թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ