25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն Արցախի հարցում կոչվում է քաղաքական անմեղսունակություն»

Նիկոլ Փաշինյանը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում էլ իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։ Այնինչ նույն Փաշինյանն էր հայտարարում, որ իրեն Արցախի ժողովուրդը չի ընտրել, և այդ ժողովրդի մանդատը չունի, որպեսզի հիմնախնդիրը լուծի։ ՈՒրեմն ինչու՞ է արցախցու անունից խոսում, թե Արցախը հեղափոխության օջախ կդարձնեն։ Ո՞վ է նրան այդպես խոսելու մանդատ տվել։ Այսինքն, անհրաժեշտ պահին Արցախի ներքաղաքական կյանքին կարելի է միջամտել, իսկ երբ ձեռնտու չէ, ասել, որ արցախցին դա իրեն չի՞ լիազորել։ Սակայն հայտարարություններից անդին կատարվողն ավելի վտանգավոր է. Արցախ-Հայաստան նոր բաժանարար գծեր են այսօր ստեղծվում։ Արցախի խնդրի և ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրատեսը» զրուցեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ։

-Վերջին շրջանում սահմանային լարվածությունը մեծացել է, զինվորներ են վիրավորվում, Բաղանիսը շուրջ 40 րոպե ռմբակոծվում է։ Ասել է՝ վերելակային պայմանավորվածությունը սպառվե՞ց։ Ի՞նչ է կատարվում հիմնախնդրի շուրջ։

-Ընդհանրապես մեր դժբախտությունն այն է, որ խնդիրները միշտ փնտրել ենք դրսում, ոչ թե ներսում։ Նժդեհն ասում էր. «Եվ մեր փրկությունը, և մեր դժբախտությունը մեր ձեռքերում են»։ Հիմա պետք չէ խնդիրներ փնտրել Ալիևի մոտ։ Ալիևը նոր չէ, որ կրակում է, ռազմատենչ հայտարարություններ անում։ Պարզապես մեր իշխանության հայեցակարգն է փոխվել (չնայած կասկածում եմ, որ ընդհանրապես հայեցակարգ ունեն)։ Մեր երեք նախագահներն էլ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հստակ հայեցակարգ են ունեցել, նրանք արցախյան շարժման ծնունդ են։ Երեքն էլ ամբողջությամբ պատկերացնում են կոնֆլիկտոլոգիայի պատմությունը։ Իհարկե, Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն երկրորդ և երրորդ նախագահների, լիովին այլ հայեցակարգ ուներ, սակայն դա չէ խնդիրը, մենք կարող ենք այն ընդունել կամ ոչ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության գլխավոր խնդիրն այն է, որ որևէ հարցում, այդ թվում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, չունեն հայեցակարգ և օրակարգ։ Ձեռքի հետ, ոտքի վրա է ամեն ինչ։ Չկա խորքային որևէ բան։ Չնայած ասում է, թե իր հայեցակարգը ոչ մեկի նման չէ, բայց ես հասկացել եմ, որ այդ մարդու հայեցակարգը հայեցակարգի բացակայությունն է։ Մեկ տարի առաջ՝ մայիսի 9-ին, Արցախում հայտարարում էր, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին։ Անշուշտ, ոչ մեկը դրան դեմ չէ, բայց մեկ տարին ցույց տվեց, որ այս հարցում Փաշինյանը տապալվել է։ Փաշինյան-Ալիև մի քանի հանդիպում է եղել, և որևէ անգամ Բակո Սահակյանը չի մասնակցել։ Մամեդյարով-Մնացականյան բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց ոչ մի անգամ Մասիս Մայիլյանն այդ հանդիպումներին չի մասնակցել։ Արձանագրենք, որ այս մեկ տարվա ընթացքում Փաշինյանը ֆիասկո ապրեց։ Ի դեպ, նույն օրը նաև հայտարարեց, թե Հայաստանը հակամարտության կողմ է, իսկ սա խայտառակություն է։ Հայաստանը հակամարտության կողմ չէ, զինադադարի կողմ է։ Հաջորդը. Հանրապետության հրապարակում հանրահավաք արեց ու ասաց, թե դուք ինչպես որոշեք, այնպես էլ հարցը կլուծվի։ Այս առումով հարց ունեմ՝ եթե ժողովուրդը որոշի, որ պիտի մինչև Բաքու գնանք, գնալու է Բաքուն գրավի՞, կամ եթե որոշի, որ պետք է Արցախից հրաժարվենք, պիտի հրաժարվի՞։ Փաշինյանի մյուս անհեթեթությունն այն է, թե հանրաքվե կանենք։ Եթե ողջ աշխարհին ասում ենք, թե մեր պայքարն ինքնորոշման իրավունքի իրացման համար է, մի պետության քաղաքացին ի՞նչ իրավունք ունի հանրաքվե անելու մեկ այլ պետության ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց Հայաստանի գործը չէ հանրաքվե անելը։ Մեր միակ գործն այն է, որ պաշտպանենք 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում իրականացրած օրինական հանրաքվեի արդյունքները, երբ Արցախի ժողովրդի 99 տոկոսն անկախությանը «այո» ասաց։ Մեկ այլ վտանգավոր ուղերձ։ Փաշինյանը հայտարարում է, թե դուք ձևակերպեք լուծումը, տվեք ինձ, ես գնամ հարցը կարգավորեմ։ Սա քաղաքական իմպոտենցիա է, աբսուրդ, քաղաքական անմեղսունակություն։ Պատկերացնու՞մ եք, որ Պուտինը ռուս ժողովրդին ասի, թե ինչպես են ուզում Ղրիմի հարցը լուծվի։ Քաղաքական լիդերը, էլիտան հենց այն բանի համար են, որ տարբեր կարծիքներ ներկայացնեն, իսկ հանրությունն ընտրությունների միջոցով իր վերաբերմունքն է հայտնում դրանց վերաբերյալ։ Սակայն այս մարդն ընտրություններում հաղթել է՝ առանց արցախյան հարցը քննարկելու։ Ընտրություններում պետք է հայեցակարգ ներկայացներ։ Այն ժամանակ չի ունեցել, չի արել, հիմա էլ եկել է ժողովրդին ասում է՝ ասեք, ոնց անեմ։ Այսինքն, սայլը ձիուց առաջ է դրել։ Իր ուսերից պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն արցախյան հարցում կոչվում է քաղաքական անմեղսունակություն։

-Այս մեկ տարվա ընթացքում որպես դրական արդյունք և ձեռքբերում իշխանությունը նշում էր սահմանային խախտումների կտրուկ նվազումը։ Սակայն հիմա իրավիճակը փոխվել է, այսինքն՝ ի՞նչ է պատահել, ինչ-որ պայմանավորվածությու՞ն է ավարտվել կամ խախտվել։

-Բերեմ պատմական մի զուգահեռ. 1938-ին Մյունխենում եվրոպական պետությունները, վախենալով Հիտլերից, խաղաղության պայմանագիր կնքեցին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը, ընդունելով Հիտլերի պայմանները, ամոթալի պայմանագիր կնքեց նացիստական Գերմանիայի հետ։ ՈՒինսթոն Չերչիլը, որ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի ընդդիմության առաջնորդն էր, դիմելով վարչապետին, ասաց. «Դուք պատերազմի և անպատվության միջև ընտրեցիք անպատվությունը և հենց այս պատճառով էլ կստանաք պատերազմ»։ Իրավացի էր ընդդիմադիր Չերչիլը, ընդամենը մեկ տարի անց Հիտլերը սանձազերծեց երկրորդ աշխարհամարտը։ Նույն բանն անում է Նիկոլի իշխանությունը՝ կեղծ խաղաղասիրական քարոզներով։ Դուք այստեղ Ալիևին կիրթ ու նորմալ եք համարում, Էրդողանն ու Ալիևը շքերթ են ընդունում, Նիկոլն ապրիլի 27-ին Մաշտոցի պողոտայում ախորժակով խորոված է ուտում, մայիսի 1-3-ին Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ Ադրբեջանում ռազմական զորավարժություններ են անցկացնում։ Տեսնես ու՞մ դեմ՝ Իրանի՞, Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի։ Ակնհայտ է, չէ՞, թե ում դեմ։ Իսկ այսօր մեր երկրի վարչապետն ամեն ինչից խոսում է, իսկ այս մասին՝ ոչ մի բառ։ Կեղծ օրակարգեր են անընդհատ առաջ քաշվում՝ «Քաղաքացու» օր, Մեդվեդևն ինչ ասաց, ես ինչ ասացի, «տպՐպռՊպՎ» սուրճի սեղան, սա «Մանուշակ» մսուր-մանկապարտեզ է, թե պետություն։ Փաշինյանը շատ է սիրում համեմատվել մեզ հետ, հիմա մենք նրան ենք ժառանգել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնցից Ադրբեջանը դժգոհում էր։ Իսկ այն, ինչից Ալիևը բողոքում է, մեզ ձեռնտու է։ Մինչդեռ Փաշինյանն այդ համաձայնությունները փոխարինեց Դուշանբեի «վերելակային» պայմանավորվածությամբ, որի պատճառով Նախիջևանում պատասխան կրակ չենք արձակել և, Ալիևի պնդմամբ, իրենց վերահսկողության տակ է անցել 11 հազար հեկտար։ Հետո ո՞վ է ասում, թե չեն կրակել։ Ամանորին կրակել էին, իսկ իրենք էլ թաքցրել էին։ Զոհ ունեինք, ու չէին էլ հաղորդել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենված է կեղծիքի, շանտաժի, մանիպուլյացիայի, ուղեղներ լվանալու վրա։

-Եթե ներքաղաքական բացթողումներն ինչ-որ կերպ կարելի է հանդուրժել, ապա արցախյան հիմնախնդրի դեպքում սխալներն անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել։ Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում ի՞նչ պետք է անի իշխանությունը, կառուցողական ի՞նչ առաջարկներ կանեք։

-Ոչ միայն ես, իմ գործընկերներն էլ այս ընթացքում բազմաթիվ խորհուրդներ տվել ենք բայց Փաշինյանի գլխավոր խնդիրն այն է, որ չունի լսելու ունակություն։ Լևոն Տեր-Պետրոսյանին դեռ ուսանող տարիներից չեմ ընդունել, բայց իմ երկրի առաջին նախագահն է ու դրանով շատ բան ասված է։ Նրան կարելի է շատ բաներում մեղադրել, բայց ոչ անխելք լինելու մեջ։ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանը հանդիպում է, հետո ասում է, թե որևէ նոր բան Արցախի մասին չիմացա, ես ամեն ինչ գիտեի։ Սա մեծամտության, ինքնասիրահարվածության գագաթնակետն է։ Ինչպե՞ս կարելի է առաջին նախագահի հետ հանդիպել, որը ֆունդամենտալ գիտնական է, արցախյան հիմնախնդիրը ոտքից գլուխ գիտի, արցախյան շարժման առաջնորդներից է, ու հայտարարել, թե ամեն ինչ գիտեի։ Սա խայտառակություն է։ Ցանկացած նոր իշխանության առաքելությունը միավորող դերի ստանձնումն է։ Ազգային հարցերում ընդդիմություն և իշխանություն չպետք է լինի։ Իր առաջին գործը պետք է լիներ այն, որ հավաքեր բոլոր նախագահներին, լսեր և իր սեփական որոշումները կայացներ։ Եթե լսեր, հաստատ ճիշտ որոշում կկայացներ։ Բայց ի՞նչ արեց, Ռոբերտ Քոչարյանին կալանավորեց, Սերժ Սարգսյանին մերժեց, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ասաց, թե Վլադիմիր Կարապետյանին կբերեմ խոսնակ, ուրախացիր։ Արցախի վրա մատ թափ տվեց, ՀԱՊԿ-ից Խաչատուրովին բերեց։ Այս մարդն ինչ անվտանգության ոլորտում արել է, խիստ մտահոգիչ է։ Ներքին քաղաքականության սխալները ընտրություններում մեզ, իսկ արտաքին քաղաքական սխալները՝ պետությանը պարտության են տանում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չգիտի, թե ինչպես պետք է լուծի հիմնախնդիրը, նույնիսկ վախենում է այդ մասին խոսելուց։ Երբ ԱԺ-ում ասացի, որ 7 ազատագրված շրջանների մասին կարծիք հայտնի, կրկին շրջանցեց, թե ինչպես ժողովուրդն ասի։

-Նույն ժողովուրդը նրան բարձր քվե, վստահության մանդատ է տվել, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Այս հանգամանքը չպե՞տք է օգնի նաև կտրուկ որոշումներ կայացնելու հարցում։

-Տեր-Պետրոսյանին էլ 84 տոկոս քվե էին տվել, բայց դրանից ընդամենը 1,5 տարի հետո 4 տոկոսն էր մնացել։ Եթե Փաշինյանին թվում է, թե այդ 70 տոկոսը միշտ մնալու է, սխալվում է։ Արցախյան հարցում նա շատ վտանգավոր փուլ է մտել՝ ընկնելով Ալիևի թակարդը։ Իսկ քանի որ լսելու ունակություն էլ չունի ու ամեն ինչ գիտի, մի օր գլուխը հաստատ պատին է խփելու։

-Վերադառնանք ներքաղաքական կյանքին. Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց իր ասուլիսում, Դուք կյանքի որակի բարելավման այդքան փաստեր նկատե՞լ եք։

-Իր 100 իբր փաստերին ես նույնիսկ 1000 հակափաստարկներ կարող եմ ներկայացնել։ Ատելության մեծ չափաբաժին, սևերի ու սպիտակների բաժանում, քաղաքական բանտարկյալներ, ազգային արժեքների ոչնչացում, անվտանգության հարցերում խայտառակություն, տնտեսության գահավիժում, ներդրումների բացակայություն։ Իշխանության բուրգին իրավունք չունի լինելու այնպիսի մարդ, որը հասարակությանը կբաժանի սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Սա ոչ թե կառավարություն է, այլ հեղկոմ։ Նիկոլ Փաշինյանը նեոբոլշևիկների ժառանգորդն է, հետնորդը։ Այսպես մեկ էլ նեոբոլշևիկներն էին, որ եկան ու դաշնակցականներին մորթեցին, սպայական կազմը գլխատեցին։ Նույնն ինքն է անում սպայական կազմի հետ, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ բերեց, Լևոն Մնացականյանին ազատել տվեց, Օգանովսկին ևս հեռացավ աշխատանքից, Մանվելի վրա «տուշոնկայի» գործը սարքեցին։ Անմեղության կանխավարկածի բռնաբարում տեղի ունեցավ։ Դեռ ԱԱԾ-ի հաղորդագրությունը չկար, Նիկոլ Փաշինյանը եթեր էր մտնում։ Հայտարարեց, թե Մարտի 1-ը բացահայտված է, ու՞ր է։ Մարդկանց մարդասպան է անվանում՝ չունենալով այդ մասին փաստող դատարանի որևէ վճիռ։ Այս ամենի տակից ինչպե՞ս է դուրս գալու։ Բոլոր ոլորտներում է աղետալի վիճակ։ Արժեքային համակարգը լրիվ է ոչնչացվում։ Տրանսգենդերի քարոզ է տեղի ունենում, իրեն հարց են տալիս, թե կողմ է, թե դեմ, ասում է՝ ՀՀԿ-ի ժամանակ է տրանսգենդերն անձնագիր ստացել։ Ի՞նչ կապ ունի ում օրոք են տվել անձնագիրը, դու դե՞մ ես այդ քարոզին, թե՞ կողմ։ Քո իշխանության օրոք տրանսգենդերը քարոզ է իրականացրել ԱԺ ամբիոնից։ Կամ Իրանում հայտարարում է, թե Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան, ու դրանց անունները չի տալիս։ Հիմա էլ եմ պահանջում, որ այդ գործակալների անունները տա։ Եթե երկու ամիս օտարերկրյա գործակալների մասին խոսում ես ու որևէ մեկը ձերբակալված չէ, ուրեմն պիտի հրաժարական տաս։ 

-Տնտեսական ցուցանիշների առումով հետաքրքիր թվեր շրջանառության մեջ հայտնվեցին՝ 50 հազար նոր աշխատատեղ, 20 հազար հայրենադարձ քաղաքացիներ։

-Ամեն Աստծո օր Հրանտ Բագրատնյանն ուշագրավ վերլուծություններ է ներկայացնում։ Խաբում, ասում է, թե 50 հազար աշխատատեղ են բացել, ու՞ր է դա։ Իր կառավարության նախարարն է հայտարարում, թե 6,1 տոկոս տնտեսական ակտիվություն է եղել, անցյալ տարի մեր իշխանության նույն ժամանակահատվածում եղել է 10,6 տոկոս։ 4,5 տոկոսով տնտեսական ակտիվությունը ցածր է։ 2017-ին 429 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018-ին՝ 422 մլրդ, 7 միլիարդով պակաս։ Ասում է՝ տնտեսական հեղափոխություն է, ու՞ր է դա։ Արտահանումը շեշտակի նվազել է։

-Ո՞րն է պատճառը, ըստ Ձեզ, որ տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն։ Տնտեսական բլոկի պաշտոնյաների՞ խնդիրն է։

-Ոչ, տնտեսական բլոկի պաշտոնյաների խնդիրը չէ, էս մարդը պարզապես չի աշխատում։ ՈՒնենք ոչ թե իշխանական համակարգ, այլ Նիկոլի կամպանիա։ Մեկ անգամ ասել եմ՝ եթե Փաշինյանը մի շաբաթ գրիպ ընկնի, իշխանությունը կմեռնի։ Իշխանության ողջ փիլիսոփայությունը դրված է Նիկոլի սուտ փիառի վրա։ «Նիկոլը լայվ մտավ», «Արփին եկավ», «Աշոտիկը ոնց է», «Աննայի քունը տարավ», «Մեդվեդևի հետ սուրճի սենյակ մտանք», «խորովածի միսն Իջևանի՞ց է, թե՞ չէ»… Եղածը սա է։ Փաշինյանի կառավարությունից ինչ հիշում ենք, սա է, մեկ էլ ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, վզից բռնելը, խորովածի փառատոնը։

-Պետական ինստիտուտների դերի արժեզրկու՞մ կա։

-Մարդիկ վախենում են նախաձեռնողականություն ցուցաբերելուց, որովհետև ոչ մի ոլորտում հայեցակարգ չկա։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի տնտեսական հայեցակարգը ո՞րն է։ Ասֆալտին փռելով ու պատին ծեփելով Հայաստանում ներդրու՞մ է լինելու։ Նա հետևյալ սկզբունքով է առաջնորդվում. ով իր առջև, կներեք, չի «կզել», քրեական գործեր է հարուցել նրա դեմ։ Բայց եթե Պողոսը կոռուպցիայի մեջ է եղել, Պետրոսն էլ է այդպիսին։ Կանգնում, ասում էր, թե 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեմ, ուր է դա։ Բա Սաշիկի 50 տոկոսն ու՞ր է, մի գործարար դեռ չի հայտնվել, որ ասի, թե Սաշիկը հետս 50 տոկոս «փայ» է։ Ասում է՝ փող ունի։ Շատ լավ է, որ փող ունի։ Դուք մի տարի է ձեր հիմնադրամով այնքա՜ն փող ունեք, հիմա ուրիշը պիտի փող չունենա՞։ Դու կարո՞ղ ես` ապացուցիր, որ այդ գումարներն ապօրինի են։ Տեսախցիկները, կարմիր գծերը խոստացել էիր հանել, պահպանվել են։

-Բայց ասում է՝ մենաշնորհը վերացրել է, համակարգային կոռուպցիան էլ հետը։

-Բայց դա ասելով չէ։ Մեկ տարի է իշխանություն ունեն, արդեն կոռուպցիայի երկու մեղադրանք կա՝ առողջապահության փոխնախարարի և Դավիթ Սանասարյանի հետ կապված։ Ասում են՝ շատ կան, բայց չեն բարձրաձայնում։ Ի՞նչի մասին է խոսքը։ Նրան, ով պետք է ի պաշտոնե պայքարեր կոռուպցիայի դեմ, ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի մեջ։ Սա խայտառակություն է, ու այս մարդը ՀՀԿ-ի՞ց է խոսում։ Ընդամենը մեկ տարի է կառավարում։ Կոռուպցիա չե՞ն նաև այս պարգևատրումները… ով ինչպես ուզում է, իրեն պարգևատրում է։ ԱԺ փոխնախագահ եմ եղել, տարին մեկ անգամ եմ պարգևատրվել, այն էլ՝ 300 հազար դրամ։ Երկու ամսվա մարզպետը, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, 105 տոկոսով իրեն պարգևատրել է։ ՊԵԿ-ում տեսնում ենք, թե ինչ միլիոնների պարգևատրումներ են, կամ քաղաքապետարանների պարգևատրումները, սա կոռուպցիա չէ՞։ Բա կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում։ 124 մլն դրամով «Քաղաքացու» օրը խորովածի փառատոն արեցիք, այդ գումարով քանի՞ թոշակառուի թոշակ կտայիք, Գյումրիում կամ Սպիտակում քանի՞ անօթևանի տուն կգնեիք, քանի՞ լավ ուսանողի աջակցություն կցուցաբերեիք, քանի՞ ՓՄՁ-ի կխրախուսեիք։ Կարելի է 100 չէ, 1000 փաստեր բերել ու ապացուցել, որ ոչ մի ոլորտում դրական միտում չկա։

-Ձեր թվարկած բոլոր խնդիրները, սակայն մեկ օրում չեն առաջացել, ՀՀԿ-ն էլ իր մեղավորությունն ունի այսօրվա վիճակի համար։ Դուք Ձեր իշխանության մեղքերն ընդունու՞մ եք։

-Մենք այդքան միամիտ չենք, որ ասենք, թե մեր ժամանակ դրախտ էր, հիմա դժոխք է։ Անհնար է մի կուսակցություն 20 տարի իշխանություն ունենա ու սխալներ չանի, բայց ամեն ինչ պետք է դիտարկել արդյունքներով։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե մեզ հետ համեմատել, այլ իր տված խոստումների։ Իսկ ինչ վերաբերում է մեր ժամանակին, մենք երկու համաշխարհային տնտեսական ճգնաժամ ենք անցել, ապրիլյան պատերազմում ենք հաղթել, «Սասնա ծռերի» ահաբեկչական ակտ է եղել, ու այս ամենով հանդերձ մեր տնտեսությունը երկու անգամ ավելացել է, ԵԱՏՄ-ին ենք անդամակցել, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ենք կնքել, 10-ից ավելի երկրներ ցեղասպանություն են ճանաչել, երկու երկիր ցեղասպանության ժխտումն է քրեականացրել, ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ Արցախի անկախությունն են ճանաչել։ Կարելի է երկար թվարկել ձեռքբերումները և, ի վերջո, մեր ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունը, երբ Ալիևը բողոքում էր, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մեր ժամանակ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Երևանում հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Իսկ այս մեկ տարվա ընթացքում համանախագահներն ապտակ հասցրին Նիկոլին, ասացին՝ խելոք նստիր տեղդ, ձևաչափի ոչ մի փոփոխություն չի լինելու։ Մեր ժամանակ մենք չենք ասել, թե կոռուպցիա չկա, Փաշինյանն էր հայտարարել, թե կախարդական փայտիկ ունի ու բոլոր խնդիրները միանգամից կլուծի։ ՈՒ՞ր է Փաշինյանի կախարդական փայտիկը։ Իրական փաստերով պիտի խոսել, Հրանտ Բագրատյանն, օրինակ, ասում է, որ 20 հազար աշխատատեղ փակվել է, տնտեսական աճի տեմպերը, ժողովրդավարության մակարդակը նվազել են, մամուլի նկատմամբ այսպիսի տեռոր երբևէ չի եղել։ Որ թերթը քննադատում է, ասում են՝ հակապետական քարոզ է։ Սերժ Սարգսյանի ժամանակ պատգամավորը կկանգնե՞ր ու կասեր՝ կարդացեք միայն վարչապետի ու նրա կնոջ թերթն ու կայքը, իսկ մյուսները՝ ոչ։

-Բայց արի ու տես, որ հասարակությունը չի բողոքում նրանց հայտարարություններից։ Այն, ինչ ժամանակին կարող էր մեծ աղմուկ բարձրացնել, հիմա շատ նորմալ է ընդունվում ու սովորական համարվում։ Ինչու՞։

-Ես պատմաբան եմ ու գիտեմ, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Քանի որ ժողովուրդն է Նիկոլ Փաշինյանին ընտրել, չի ուզում, որ խաբված լինի։ Վարկանիշի անկումն ակնհայտ է։ Ոչ թե Նիկոլը լավն է կամ վատը, այլ շատ բարձր նշաձող է սահմանել ու սխալ սպասելիքներ տվել։ Սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունները փակվել են, 5 նախարարությունների աշխատակիցները որտե՞ղ են աշխատելու։ Եթե տարեկան 20 մլն դրամ աշխատավարձ եմ խոստանում, բայց 2 մլն էլ չեմ կարող վճարել, իհարկե, պիտի դժգոհեն։ Սակայն այս ամենը դեռ մի կողմ, էականը մեր անվտանգության խնդիրն է, ու՞ր ենք մենք գնում։ Կարևոր չէ՝ ինքն ինչ է ասում, կարևորն այն է, թե երկրում ինչ է կատարվում։ Պղծության քարոզ է գնում, լռում է, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայեցակարգ չունի, գնում է ԵԽԽՎ, երկար հեղափոխությունից է խոսում, ցեղասպանության մասին ոչ մի բառ, տնտեսությունը չի զարգանում, այլակարծություն չի ընդունում, ով իրենից տարբերվող կարծիք է հայտնում, ասում է՝ հակահեղափոխական։ Լավ, այս մարդը Բերիայից ինչո՞վ է տարբերվում։ 8 տարի ԱԺ փոխնախագահ եմ եղել, թող ստուգեն, մի լումա հանրային միջոցներից կերե՞լ եմ, մի տենդերի մասնակցե՞լ եմ, կոռուպցիոն սխեմայի մեջ եղե՞լ եմ։ Իսկ Դավիթ Սանասարյանն ասում էր, թե Շարմազանովին մի հատ ստուգենք։ Բա, ստուգեիք, ստուգած էլ կլինեք, բայց փոխարենը իրեն մեղադրանք առաջադրվեց։ Հանցագործը կուսակցական պատկանելություն չունի։ Փաշինյանի սխալներից ամենամեծը, որի համար ապագայում իրավական պատասխանատվություն է կրելու, ԱԺ-ի բռնի ցրումն էր։ Դրա ապացույցն էր 2018-ի հոկտեմբերի 2-ի նիստի վերաբերյալ ՍԴ-ի վճիռը։ Սրա համար նաև Արմեն Սարգսյանն է պատասխանատու, թե ինչու՞ եռօրյա ժամկետում չստորագրեց ԱԺ-ի ընդունած որոշումը։

Զրույցը՝ 
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

irates.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ