Ճանապարհային երթևեկության ոլորտում ոչինչ չի փոխվել
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2019 թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում կատարված իրավախախտումները և դրանք նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով արձանագրել, որ դրանց թիվն աճել է:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 5722 իրավախախտում՝ 358-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում:
51 դեպքով ավելացել են ոչ մեծ ծանրության, 70 դեպքով միջին ծանության, 224-ով՝ ծանր հանցագործությունների, 13-ով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:
Գրանցվել է սպանության 12 դեպք: 2018թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է սպանության 9 դեպք:
Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 166 դեպք, 95-ով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 345 դեպք, 67 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
Արձանագրվել է 59 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 3 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
Արձանագրվել է 69 խուլիգանության դեպք՝ 3 դեպքով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
70 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը:
Գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 100 դեպք, 58 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:
608 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 2470 դեպք: Արձանագրվել է ավազակության 26 դեպք, նախորդ տարվա 13 դեպքի համեմատ, գողության 2062 դեպք նախորդ տարվա 1459 դեպքի համեմատ, յուրացման 77 դեպք նախորդ տարվա 56 դեպքի համեմատ:
130 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 248 դեպքի համեմատ արձանագրվել է բնակարանային գողության 378 դեպք:
Շուրջ 140 դեպքով պակասել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 97 դեպք նախորդ տարվա 40 դեպքի համեմատ, արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 129 դեպք, նախորդ տարվա 70 դեպքի համեմատ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 524 դեպք, ախորդ տարվա 778 դեպքի համեմատ:
Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ մայիսի 5-ին։
Հ.Գ. Հրապարակված վիճակագրական տվյալների համառոտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ շարունակվում է մտահոգիչ մնալ բնակարանային գողությունների թվի շարունակական աճը:
Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ինչպես նաև մահվան ելքով դեպքերի թվի դինամիկային, ապա կարելի է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո այս ոլորոտում ոչ մի բան չի փոխվել, մնացել է նույն անմխիթար վիճակը, այն դեպքում, երբ նոր իշխանությունները 13,7 մլրդ դրամ ներեցին իրավախախտ վարորդներին, բազմաթիվ վայրերից հեռացրեցին արագաչափերը, ճանապարհային ոստիկանությունը գրեթե չի ՛՛Երևում՛՛, ինչպես նախկինում:
Այս տվյալները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրի հետ, որը թաքնված է մեր մտածողության, դրսևորվող վարքագծի և կրած արժեհամակարգի մեջ:
Մենք չունենք երթևեկության կուլտուրա, չունենք անվտանգ ճանապարհներ, չունենք անհրաժեշտ կանխարգելիչ համակարգեր, չունենք այնպիսի ոստիկանություն, որ կարող է կանխարգելել ճանապարհային իրավախախտումները և ամենակարևորը՝ չունենք այս հարցերի լուծման պատասխանները…Շա՛տ բան չունենք…»: