Սա նոնսենս է հայ իրականության մեջ. պաշտոնանկության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. 168 Ժամ
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Նկատենք, սա նոնսենս է հայ իրականության մեջ, վերջին 20 տարում պետական որևէ պաշտոնյա չի հանդգնել դատի տալ երկրի ղեկավարին՝ վիճարկելու նրա հրամանը: Եվ հիմա փաստացի երկրի բարձրագույն ղեկավարը պիտի կանգնի դատարանի առաջ՝ պատասխան տալու, թե ինչ հիմքով է պաշտոնյային ազատելու հրաման արձակել:
Եկող շաբաթ հայտնի կդառնա՝ դատարանը կընդունի՞ նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՞ այդուհանդերձ վարչապետի գործոնը կկաշկանդի դատարանին:
Հիշեցնենք, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդո) հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: