Պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների. Ժամանակ
2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ընդհանուր իրավիճակը, իրադարձությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ և հակամարտության գոտում զարգացել են ալիքաձև տատանումներով:
Վերջին ամսվա ընթացքում՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից ու հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, աստիճանաբար սկսեց սրվել պատերազմի հռետորաբանությունը Երևանի և Բաքվի միջև: Իսկ վերջին օրերին քաղաքական լարվածությունը վերափոխվել է ռազմական լարվածության արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում: Ու որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, իրականում սա բավական կանխատեսելի զարգացում է, որի մասին մեր նախորդ վերլուծություններում շատ ենք գրել:
Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ նախկին ռեժիմի առանցքը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այս լարվածության և սահմանում հայ զինվորի վիրավորման համար մեղադրում են գործող իշխանությանը ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Թավշյա հեղափոխության օրերին ադրբեջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փոխանակվում էին սուր հայտարարություններով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկավարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բաքուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշտոնական Ստեփանակերտի հետ: Փաշինյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆլիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար:
Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Արցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը միջազգային մամուլին տված հարցազրույցներում բացատրել էր, որ դա խաղաղասիրական քայլ է իր կողմից, որովհետև հասկանայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի»:
Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զինվորական ծառայության Բաքվի զորամասերից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման
գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարիների կտրվածքով ամենաերկարատև խաղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով, բայց այս կիսապաշտոնական բանակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառակը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամբիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խաղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարունակեց պնդել իր առավելապաշտական մոտեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկները և հայտարարելով, թե իրենք առավելագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմանների շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: