Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև դրանք չեն աճի, սաղմնային մակարդակում կչորանան. Փաշինյանը`իր ոճով
«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է լինել ՀՀ վարչապետ ու այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր: ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից: Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ: Դա իմ քմահաճույքը չէ, այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Դավիթ Սանասարյանի գործի և մասնավորապես այն խոսակցությունների մասին, որ իշխանության ներսում այդ հարցով տարբեր թևերի են բաժանվել:
Փաշինյանը բացառեց, որ որևէ պայմանում թույլ տա երկրում անկառավարելի իրավիճակ, քաոս, ինտրիգներ, վակխանալիաներ, պալատական ինտրիգներ. «Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև դրանք չեն աճի, սաղմնային մակարդակում կչորանան: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»: