16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արցախյան հերոսամարտը գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է

Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, “Ապրելու բանաձեւ” ծրագրի շրջանակներում Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։

“Ապրելու բանաձեւ” ծրագիրն իրականացնում է “Կանանց հանրապետական խորհուրդ” ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Այն դրամաշնորհի է արժանացել “Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսները” անվանակարգում։

Գոհար Մարտիկյանի վերջին 12 տարիների աշխատանքը նվիրված է արցախյան գոյամարտում զոհված հայորդիների ամփոփ կենսագրական մատենաշարի ստեղծմանը։ Եվ նախագահի դրամաշնորհի շրջանակներում կրթական հաստատություններում, զորամասերում, տարբեր լսարաններում հանդիպելով երիտասարդների ու պատանիների հետ` մատենաշարի հեղինակը նրանց հաղորդակից է դարձնում Արցախյան ազատամարտի տարեգրությանը, զոհված ու ապրող հերոսների կենսագրությանը։

Տիկին Մարտիկյանը նշում է, որ երիտասարդների հետ հանդիպումների արդյունքում նկատել է, որ Արցախյան պատերազմի մասին հետաքրքրությունն անչափ մեծ է։ “Անդրադառնալով յուրաքանչյուր հերոսի ապրելու բանաձեւին՝ ես ջանում եմ տալ պատմական անցյալից մինչեւ մեր օրերը հաղթանակի բերող այն տրամադրվածությունը, որը տարավ տղաներին կռվի դաշտ։ Արցախյան պատերազմը լոկ հերոսամարտ չէ։ Այն գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է”,- հանդիպման ընթացքում նշեց Գոհար Մարտիկյանը։

Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը նշեց, որ թեեւ իրենց հիմնական գործառույթը մասնագիտական կրթություն իրականացնելն է, սակայն ուսումնական գործընթացում մեծ տեղ են հատկացնում նաեւ երեխաների հայրենասիրական դաստիարակությանը։ Նա կարեւորեց քոլեջի սաների հանդիպումը հատկապես Գոհար Մարտիկյանի հետ, քանի որ մեր երեխաները պետք է տեսնեն ու շփվեն այն մայրերի հետ, ովքեր ծնել են այն հերոս տղաներին, ում շնորհիվ մենք այսօր ապրում ենք, աշխատում ու սերունդ մեծացնում։

“Ապրելու բանաձեւ” ծրագրի վերջնական արդյունքը կդառնա Արցախյան գոյամարտում զոհված հերոսների կենսագրական մատենաշարի հերթական հատորյակի լույս ընծայումը, որի մեջ կամփոփվեն վերջին շրջանում Գոհար Մարտիկյանի՝ Արցախ կատարած գործուղումների, այցերի արդյունքները։ Հատորյակում կներկայացվեն Շուշիի ազատագրումը, Քարին տակի հերոսամարտը։ Հերոսների կյանքն ամփոփող հատորյակը լույս ընծայումից հետո կտրամադրվի զորամասերին, կրթական հաստատություններին, գրադարաններին ու ընթերցասրահներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ