Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ
1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն:
«Մենք տեսնում ենք, որ իբր թուրք-ադրբեջանական զորվարժություններ են, բայց նրանց կողքին կանգանած է Իսրայելը»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, սահմանային լարվածության պայմաններում սադրանքներ անպայման կլինեն, հնարավոր չէ, որ չլինեն։
Ըստ նրա՝ ընդհուպ հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն։
«Մենք ունենք քիչ թե շատ հզոր հարևան։ 2016 թվականին հենց Իրանն է կասեցրել պատերազմի զարգացումը։ Ռուսները միացել են մի քանի ժամով ուշ, քան Իրանը սահմանագլխին է կանչել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչներին և ասել՝ «ևս մեկ կրակոց, և մենք մտնում ենք, անցնում ենք սահմանը»։ Ե՛վ Իլհամ Ալիևը, և՛ Սերժ Սարգսյանը իմացել են՝ ևս մեկ կրակոց, և իրանական զորքը կհասներ մինչև Շուշիի գիծ։ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարներին, իսկ ահա մենք պատրաստ չենք»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը։