Այդ հարցին թող ԲՀԿ-ն պատասխանի. Լեւոն Զուրաբյան
ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական քննարկումների մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը որեւէ նորություն առայժմ չունի հայտնելու, բայց վստահ է, որ նոր կոնսուլտացիաներ կլինեն առաջիկայում:
Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Լեւոն Զուրաբյանը, ով ՀԱԿ-ի անունից մասնակցում է քննարկումներին: Զուրաբյանը տեղեկացրեց, որ քննարկումների հրավեր են ստացել նաեւ ՀՅԴ-ից: Հարցը խմբակցությունը դեռ չի քննարկել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ-ն արդեն հրապարակել է իր քաղաքկան օրակարգը, որի շուրջ տարբեր քաղաքական ուժերի հետ միասին քննարկումներ է ակնկալում, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ ԲՀԿ անունից հայտարարություն էր տարածել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու շուրջ քննարկումներ նախաձեռնելու մասին, որին խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Արդեն կայացել են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ “Ժառանգության” հետ ԲՀԿ-ի հանդիպումները: Այսօր նախատեսվում է ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը:
Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն ասաց նաեւ, որ ՀՀԿ-ի հետ որոշ շփումների հնարավորություն տեսնում է, բայց կան քաղաքական ուժեր, որոնց հետ խոսելը, նրա խոսքով, անիմաստ է: Նշենք, որ Զուրաբյանն ակնարկում էր ՕԵԿ-ին: Վերադառնալով ԲՀԿ-ՀԱԿ քննարկումներին եւ մասնավորապես, այն հարցին, թե քաղաքական կոնսուլտացիաների ինչպիսի՞ ելքը կգոհացնի իրեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.
”Այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են, որ այս ռեժիմի գոյատեւումը, որոնք Հայաստանը տանում են դեպի կործանում, այս քաղաքական ուժերը համախմբվեն եւ հասնեն Սերժ Սարգսյանի հեռացմանը: Դա է մեր նպատակը, այդպես ենք մենք ձեւակերպում մեզ հետաքրքրող օրակարգը եւ ես վստահ եմ, որ այդ գիտակցությունը աճում է”:
Զուրաբյանն ասաց, թե ԱԺ-ում չորս խմբակցությունների համագործակցության լուրջ նշաններ կան եւ հավելեց.” Նման ընթացքի դեպքում մենք կարող ենք , այո հիմք դնել նաեւ այն արմատական վերափոխումներին, որոնց համար մենք արդեն հինգ տարի պայքարում ենք եւ ստանալ այլ քաղաքական ուժերի աջակցությունը”:
Հարցին, թե ԲՀԿ-ի շրջանում Սերժ Սարգսյանի հեռացման միտում տեսե՞լ է, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ որեւէ ուժի քաղաքական խոսնակը դառնալ չի ցանկանում եւ կարող է խոսել միայն ՀԱԿ-ի դիրքորոշումից: Զուրաբյանն ի դեպ, ասաց, որ ՀԱԿ-ն իր օրակարգը բաց է ներկայացնում բոլորին, այդ թվում նաեւ ԲՀԿ-ին: Նա նշեց, որ այս հարցի պատասխանը պետք է տա ԲՀԿ-ն:
Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե չի բացառում ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուի հնարավորությունը եւ այն դիտարկմանը, թե այս հարցի հետ կապված եւ ԲՀԿ, եւ ՀԱԿ մյուս ներկայացուցիչները որեւէ բան չեն ասել, նշեց. ”Դուք այստեղ ինչ-որ հակասություններ տեսնո՞ւմ եք, եթե ոչ, ուրեմն համարեք իմ հայտարարությունը այն, ինչ գոյություն ունի”:
Զուրաբյանը չպատասխանեց այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ ներկայացուցիչ` նշելով, որ այդ հարցին հարյուր անգամ պատասխանել է: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ նախագահական ընտրությունների շուրջ համագործակցության նախնական կոնտակներ եւ քննարկումներ կան:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության հարցի շուրջ ՀԱԿ-ի ներսում առկա տարաձայնությանը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, Լեւոն Զուրաբյանը կրկին հայտարարեց, որ քաղաքական ուժերի համագործակցության վերաբերյալ ՀԱԿ քաղխորհուրդը որոշում ունի, որով առաջնորդվում է.
” Մենք ինչ որ անում ենք, անում ենք այդ որոշման շրջանակներում”: Փաստորեն, եւս մեկ անգամ Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ այս հարցում ՀԱԿ-ում այլ տեսակետներն ուղղակի մասնավոր կարծիք են: