ԵՊԲՀ ուսանողները դեպի Զվարթնոց հեծանվարշավով քարոզում են առողջ ապրելակերպ
Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց “Առողջ բժիշկ” սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Այսօր վաղ առավոտյան ծրագրի շուրջ 100 մասնակիցներ Երեւանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով շարժվեցին դեպի Զվարթնոց տաճար: Ճանապարհին մասնակիցները կանգ առան Սուրբ Հովաննես եկեղեցում, ստացան հոգեւորականի օրհնություն: Մասնակիցները այցելեցին նաեւ Զվարթնոց տաճար, թանգարան: Հեծանվարշավին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներ եւ դասախոսներ, Մանկավարժական համալսարանի ուսանողներ եւ ՀԵՀ-ի կամավորներ:
Առողջ ապրելակերպ քարոզող “Առողջ բժիշկ” սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձեւերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով: Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների եւ համալսարանի աշխատակիցների միջեւ:
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ այս ծրագիրը ՀԵՀ-ի կազմակերպած ծրագրերից առաջինը չէ, որ ուղեկցվում է հեծանվարշավով եւ շեշտեց. “Կարեւորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսեւորումները հատկապես երիտասարդական ոլորտում: Առավել կարեւոր է, երբ դա կազմակերպում են ԵՊԲՀ ուսանողները եւ դրան միանում են բազում այլ երիտասարդներ” :
Արուսյակ Պողոսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ավելի շատ կլինեն, ինչն էլ կնպաստի, որ քաղաքում հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց օգտագործելու մշակույթը առավել լայն տարածում կգտնի:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, կարեւորելով ծրագիրը, նշեց. “Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների եւ հատկապես ուսանողների շրջանում: Որպես բժիշկներ մենք քարոզում ենք նաեւ ֆիզիկական առողջությունը եւ պատրաստվածությունը”:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն