15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքի օր՝ առանց աշխատանքային հերոսի կոչման

Լրագրող Գալուստ Նանյանը facebook-ի իր պատին այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրել.

 Աշխատանքի օր՝ առանց աշխատանքային հերոսի կոչման

128 տարի առաջ՝ 1886 թվականի մայիսի 1-ին, տեղի ունեցավ Չիկագոյի աշխատավորների՝ առաջին անգամ կազմակերպված բողոքի ցույցը։ Երեք տարի անց 2-րդ Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը մայիսի 1-ը հռչակեց ողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր։
1919 թվականից սկսած՝ Հայաստանում նույնպես տոնվում էր աշխատավորների տոնը, որը 1991 թվականին անկախության հռչակումից հետո մասամբ մոռացության մատնվեց։
Խորհրդային ժամանակաշրջանում աշխատավորներին նաեւ պետական պարգեւներով կամ կոչումներով էին գնահատում։ 1927 թվականից առաջավոր աշխատողներին սկսեցին շնորհել «Աշխատանքային հերոս» կոչումը։ 
Այս կոչումը շնորհվում էր այն բանվոր-ծառայողներին, ովքեր ունեին առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ։ 1938 թվականին ՍՍՀՄ Գերագույն սովետի հատուկ որոշմամբ ստեղծվեց նոր՝ «Սոցիալիստական աշխատանքային հերոսի» կոչումը, որից անմիջապես հետո դադարեցվեց «Աշխատանքային հերոս» կոչումի շնորհումը։
ՍՍՀՄ այս պարգեւը շնորհվում էր այն անձանց, ովքեր ցուցաբերում էին աշխատանքային հերոսություն՝ առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ ներմուծելով հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցելով ժողտնտեսության, գիտության, մշակույթի վերելքին։
Բացի այդ, ՍՍՀՄ Գերագույն խորհուրդը 1940 թվականի իր հատուկ որոշումներով ստեղծեց նաեւ «Մուրճ եւ մանգաղ», Լենինի շքանշանները, ինչպես նաեւ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի շնորհակալագիրը։
Հայաստանի ազգային արխիվից մեզ հաջողվեց ճշտել, որ նախկին ՀԽՍՀ-ում (1984 թվականի տվյալների համաձայն-Գ.Ն.) «Սոցիալիստական աշխատանքային հերոս»-ի կոչման են արժանացել 218 հոգի, որից 40-ը եղել են կանայք։ Ի դեպ, նշենք, որ առաջին հայ կին սոցիալիստական աշխատանքի հերոսը եղել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղի բնակչուհի Մարիամ Մարտիրոսյանը (1947 թվականին), ով հերոսի կոչմանն է արժանացել անջրդի պայմաններում հացահատիկի բարձր բերք ստանալու համար։
Բացի վերը նշված շքանշաններից եւ կոչումներից, գոյություն ուներ նաեւ «Փառքի երեք աստիճանակիր շքանշանակիր» ասպետի կոչումը, եւ, ինչպես Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերն են հուշում, մինչեւ 1991 թվականը այդ կոչմանն են արժանացել ընդամենը 6 հոգի, որից 4-ը՝ Երեւանից, մեկը՝ Թալինից, մեկը՝ Սիսիանի շրջանից (Դարպաս գյուղի բնակիչ Գառնիկ Ստեփանյանը)։

Հ. Գ. Այսօր մայիսի մեկը մեր երկրում պաշտոնապես նշվում է որպես Աշխատանքի օր։ Հայաստանի աշխատանքի հերոսների (խորհրդային շրջանից այդ կոչմանն արժանացած) շարքերը ներկայում զգալիորեն նոսրացել են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ