22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարոն վարչապետ, ես ու Դուք գիտենք, որ շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Սերգեյ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա հայտարությանը՝ կապված «Կենսաթոշակների մասին» օրենքի հետ, որտեղ ԱԺ նախագահը կոչ արեց ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին, նշեց.
«Պարոն Միրզոյան, չեմ կարծում, որ Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այն սեղմել»։

 

Ապա դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատեց՝ ընդդիմության դերը քննադատելն է, չնայած այն դժվար է ընկալվում, օրինակ, Արարատ Միրզոյանի կողմից։

«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կա երկու տեսակի քննադատություն, առաջինը, որը հնչեցնում ենք այստեղ, որի նպատակն ավելի լավ պետություն ունենալն է, և կա քննադատություն, որը ևս բնական է, նախկին ռեժիմը, բնականաբար, պետք է ռեակցիոն քննադատություն ներկայացնի»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքին արձագանքեց Ն. Փաշինյանը և նշեց, որ, եթե խոսում ենք ժողովրդավարությունից, ապա աբսուրդ կլինի, եթե կասկածի տակ դնեն որևէ մեկի քննադատությունը։

«Ես ասում եմ, որ մենք պետք է փոխենք մեր հանրային դիսկուրսը, որովհետև 25 և ավելի տարիներ մեր հանրային դիսկուրսը եղել է հետևյալը՝ ով ում հետ ունի, ով ում հետ չունի, ով ում ոտքի տակը փորեց, կամ՝ ով ում ոտքի տակ չփորեց, այսինքն՝ նկատի ունեմ, որ դիսկուրսի որակը պետք է փոխվի, մեր երկրում 23 տարի անընդհատ եղել է հեղափոխության սպասում, որ էս ա, աշնանը մի բան լինելու է, որ էս ա, գարնանը մի բան լինելու է, և սա բխել է իշխանության ոչ լեգիտիմ բնույթից, այդ սպասումն էլ է հասկանալի։ Հիմա այդ 25 տարվա իներցիան փոխվում է, մեկ-մեկ զարմանում եմ, որ մարդ կա՝ 1996 թվականի նոյեմբերից հարցազրույց է տալիս և նույն բանն է ասում, պարզապես անուն-ազգանուններն են փոխվում։ Սա անիմաստ դիսկուրս է, անիմաստ ժամավաճառություն»,- ի պատասխան՝ հայտարարեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն, և չի կարող արգելել որևէ մեկին հին դիսկուրսի ոճից դուրս գալ։ Փաշինյանը վստահեցրեց, որ իր հայացքն այդ մարդկանց վրա է, որոնք դուրս են մնում երկրում տեղի ունեցող գործընթացներից՝ չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում։

 

Սերգեյ Բագրատյանը նաև անդրադարձավ վարչապետի բերած ցուցանիշներին, որոնք վերաբերում էին ստվերի դեմ պայքարին, մասնավորապես, որ շաքարավազի շուկայում մենաշնորհը 95 տոկոսից իջել է 78 տոկոսի։

«Պարոն վարչապետ, ես ու Դուք գիտենք, որ 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է, և տարվա վերջին այս թվերից որևէ մեկը չպետք է լինի 50 տոկոսից բարձր։ Դուք ասում եք, որ սեփականության վերաբաշխում տեղի չի ունենալու, հազար ներողություն, ի՞նչ սեփականության մասին է խոսքը, եթե Դուք բիզնեսի սեփականատերերին նկատի ունեք, լավ նշեցինք, որ «գլխից» 20 տոկոս հարկով գալիս խոսում էին, հիմա արդեն դարձել են բիզնեսի սեփականատեր, սա արդեն զարմանալի մոտեցում է։ Ասում եք՝ Կառավարությունն աջակցելու է գյուղացիներին՝ 50 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրելով նրանց, պարոն վարչապետ, այդ թիվը փոխեք, վատ ասոցիացիա է գալիս»,- եզրափակեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ