Կապանցի կինն ու տղամարդը խոշոր գումարներ են հափշտակել «օդնոկլասնիկի»-ի միջոցով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ մի շարք հարցումեր են կատարվել և ստացվել ՌԴ-ում գտնվող ընկերություններից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. ապրիլի 7-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1988 թվականին, տարբեր կայքերից վարձակալել են «sms» հաղորդագրություններ ստանալու համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման վիրտուալ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ՀՀ-ում և ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամավճարային համակարգերում գրանցել են մտացածին անձանց տվյալներով դրամապանակների հաշիվներ, իսկ համացանցի «ok.ru» կայքում՝ անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով իրական էջերի լուսանկարները և անձնական տվյալները:
Վերոհիշյալ նմանակ էջերի միջոցով, իրական էջերի օգտատերերի անունից, նամակագրություն են վարել վերջիններիս էջերի «ընկերներ» բաժնում գրանցված անձանց հետ և նրանց քարտային հաշիվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ, քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտային վավերապայմանները, ինչպես նաև՝ դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին կցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որի արդյունքում հնարավորություն են ստացել կառավարել քարտային հաշիվները՝ ելքագրել և մուտքագրել գումարներ:
Ձեռք բերված հիշյալ տվյալներն օգտագործելով՝ նրանք քարտապանների քարտային հաշիվներից ելքագրել ու հափշտակել են խոշոր չափերով գումարներ՝ դրանք փոխանցելով ՀՀ-ում գտնվող «ԻԴՐԱՄ»-ի դրամավճարային համակարգում նախապես գրանցած իրենց հաշիվներին:
Այնուհետև, հափշտակած գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, այդ գումարներն «ԻԴՐԱՄ» հաշիվներից մի քանի անգամ փոխանցել են իրենց կողմից կառավարվող այլ քարտային հաշիվների և «ԻԴՐԱՄ» հաշիվների, ապա՝ ՌԴ-ում գտնվող «ՔԻՎԻ ԲԱՆԿ» ընկերության դրամավճարային համակարգում գրանցած հաշիվներին, որի արդյունքում գումարների արժույթը ՀՀ դրամից փոխարկվել է ՌԴ ռուբլու:
Բացի այդ, 31-ամյա տղամարդը հափշտակած գումարների օրինականացման նպատակով դրանց փոխանցումն ու փոխարկումն իրականացրել է նաև այն քարտապանների միջոցով, որոնց քարտային հաշիվներին գումարներ չեն եղել. մասնավորապես՝ նրանց քարտային հաշիվներին է փոխանցել հափշտակած գումարները և խնդրել է դրանք կանխիկացնել ու վճարային տերմինալների միջոցով փոխանցել իր «ՔԻՎԻ» հաշիվներին:
Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա կինը 2017թ. ապրիլի 7-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում թվով վեց քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.742.540 ՀՀ դրամ գումար, իսկ 31-ամյա տղամարդը՝ 2017թ. հոկտեմբերի 2-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում թվով հինգ քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.797.910 ՀՀ դրամ գումար, որոնք նրանց կողմից օրինականացվել և դրանից հետո փոխանցվել են իրենց կողմից օգտագործվող քարտային հաշվիներին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն և կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: