Ադրբեջանի նախագահը փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:
Ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից:
Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:
Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը:
Հարգելի՛ բարեկամներ,
Գնահատելով Արևելյան գործընկերության անցած ճանապարհը՝ կարող ենք նշել, որ այն մեծ հաշվով հաջողված է եղել։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ այն առաջին հերթին հնարավորություն տվեց գործընկեր երկրներին համակարգելու և ընդլայնելու ներքին բարեփոխումները։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` մենք ամրապնդեցինք մեր փոխգործակցության հիմքը։
Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։
Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ:
Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ։
Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։
Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ և բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը:
Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, և կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով:
Շնորհակալություն: