Ողբերգություն Տավուշում. որդին կացնահարել է մորը
Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:
Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: