Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն. քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել սրճարանների սեփականատերերին
Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
«Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», – հարց ուղղեց նա։
Վիկտոր Մնացականյանը նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։
«Մենք քննարկում ենք գոտիավորման հարցը, գովազդային վահանակներ են ապամոնտաժվելու։ Մայրաքաղաքում կան որոշակի տեղեր, որոնք սրբության նման պետք է պահենք։ Մենք ուզում ենք անգամ Թատերական հրապարակը բարեկարգել, բերել ստանդարտների։ Սա ընդամենը բարեկարգում է, այստեղ քաղաքական, անձնական բաներ չպետք է նայել», – ասաց Կենտրոն Վարչական շրջանի թաղապետը՝ հավելելով, որ թեպետ քաղաքային իշխանությունները մտահոգ են սրճարանների փակման հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներին, սակայն չեն կարող թույլ տալ, որ դրանք գործեն Օպերայի տարածքում։
«Այս մարդկանցից որևէ մեկը թուղթ չունի, մենք մեր գործը պետք է անենք, մենք դրա համար ենք կոչված։ Մենք ընդամենը ազատում ենք մեր հողը, Հոլանդիայից լանդշաֆտային դիզայներների և ճարտարապետների ենք հրավիրել», – ասաց պաշտոնյան։
Սրճարանատերերից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ դրանց ապամոնտաժման հետևանքով ֆինանսական մեծ կորուստներ են կրում։ «Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն», – ասաց նա։