Ֆինանսների նախարարության առաջարկների փաթեթը տնտեսվարողներին
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող
ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ հարկային օրենսգրքի
փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ: Քննարկման
ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի
ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին:
Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2
նկատառումներից ելնելով. առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների
ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման
արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում: Արման Պողոսյանի խոսքով` առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ:
Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝
հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները առաջարկում են վերադառնալ նախագծի
նախնական տարբերակին, այսինքն` ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը
ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝
մարտի 12-ին, արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին: