22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն. Է. Շարմազանով

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց  Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս հայտնեց, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները.  պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և մերձբալթյան երկրներից միակն  է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորեց նաև ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ և Հայաստանի եվրաինտեգրման գործում  ներդրած  նրա ջանքերով: Նա հավաստիացրեց, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության  համար:

Էդուարդ Շարմազանովը  կարևորեց հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման և Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. ՙՄեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն  այն՝ նման  եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն՚:

Լիտվայի  ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսեց հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին և հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում և սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը և միշտ պատրաստ է  աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ