09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այն ինչ այսօր տեղի է ունենում, շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում արտաքին ճակատում. Արտակ Զաքարյան

Այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաեւ արտաքին քաղաքական ճակատում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր մեր երկրի Դիվանագետի օրն է (ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը օրը)։

Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ եւ փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից՝ գրեթե ոչնչից:

Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում մեզ հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության եւ արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող երկրների հետ։

Դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության առաջամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների եւ հայկական դեսպանատների առջեւ։

Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ շուրջ 160 պետությունների հետ, հանդիսանում ենք 87 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ:

Դիվանագետը մեզ մոտ հաճախ նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող կերպարի հետ, եւ այդ ամենի հետեւում չի երեւում դժվարին աշխատանքը: Ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունը նման է սառցաբեկորի. այն մասը, որը երեւում է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է անտեսանելի։

Շուրջ մեկ տասնամյակ աշխատանքային բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու մեր արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ եւ ինձ միշտ ոգեւորել է, թե ինչպիսի նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ են նրանցից շատերը մոտենում իրենց վստահված գործին՝ տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնում մեր երկիրը, պաշտպանում մեր շահերը։

Ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ դիվանագիտական կորպուսին՝ մասնագիտական տոնի առթիվ: Առողջություն, անկոտրուն կամք եւ անընդհատ հաջողություններ եմ մաղթում Ձեզ՝ Ձեր բարդ ու դժվարին առաքելության մեջ:

Գիտեմ, որ այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաեւ արտաքին քաղաքական ճակատում՝ հատկապես Ձեզ համար: Մաղթում եմ, որ ամուր լինեք Հայաստանի Հանրապետության շահերն անվերապահ ներկայացնելու ու պաշտպանելու Ձեր բարձր առաքելության մեջ: Ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ