27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցտեսություն կոռուպցիա, բարեւ կոռուպցիա. Փաստ

Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում:

Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք նոր իրավիճակում համարձակվում կոռուպցիայով զբաղվել, կաշառք վերցնել: Այդ մարդկանց հանդեպ հնչեցվում էին բարոյական գնահատականներ, ըստ որոնց, նրանք չէին ըմբռնել Հայաստանում փոխված իրավիճակը:

Արդեն վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա: Ավելին՝ արդեն քանի օր է շրջանառվում է ներիշխանական հնարավոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված ՊՎԾ աշխատակիցների հետ:

Արդյո՞ք ի սկզբանե իշխանությունները անկեղծ էին, երբ համարում էին, որ կոռուպցիա չկա ընդհանրապես, դժվար է ասել: Փաստը այն է, որ այս պահի դրությամբ արձանագրված է, որ կոռուպցիա կա: Ընդ որում, կա ոչ միայն միջին ու ներքեւի օղակներում, այլ վերեւի օղակներում եւս: ՊՎԾ շուրջ հասունացող սկանդալը դրա ապացույցն է, ապացույց առ այն, որ պայմանական հեղափոխականների շրջանում եւս կոռուպցիա կա:

Սա, իհարկե, խարան չէ բուն հեղափոխության համար: Ի վերջո, պատմությամբ ապացուցված է, որ բազմաթիվ հեղափոխականներ են հետ կանգնել իրենց հռչակած արժեքներից: Հնարավոր չէ, որ բազմաքանակ հեղափոխական ղեկավարության մեջ բոլորը լինեն բարոյական արժեքների կրող: Ի վերջո, կոռումպացվածության կամ դրա բացակայության մակարդակը արձանագրվում է ոչ թե դրանով զբաղված չլինելու փորձառությամբ, այլ կոռուպցիային առերեսվելու եւ ճանապարհը փոխելու համարձակությամբ:

Խնդիրը այլ տեղ է: Կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում: Կոռուպցիան համակարգային խնդիր է, ու դրա բացակայությունը երաշխավորել բացառապես մարդկային բարոյականությամբ անարդյունավետ է: Այս իմաստով հույս ունենք, որ վերջին արձանագրումները ազդակ կհանդիսանան, որպեսզի վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը:

Վախեցնել դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել: Ավելին՝ վախեցնել հնարավոր է սկզբում, երբ կա հեղափոխական մթնոլորտ ու ահռելի վստահության ռեսուրս: Այնուհետ այդ ռեսուրսը պակասելու է, ընդ որում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետեւաբար կարիք կա դնել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկը: Ավելին՝ շատ զարգացած երկրներում նույնիսկ 100 տոկոսով կոռուպցիան վերացնելու մասին չեն խոսում, քանի որ անիրատեսական է պնդել, թե հնարավոր է մարդկային պատմությունից էլ հին երեւույթը հիմնովին արմատախիլ անել:

Ժամանակն է, որ վերջին շրջանի ազդակները դառնան նոր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հիմք: Եթե հիմա դա չարվի, ապա հաջորդ ազդակները վստահաբար ավելի բացասական են լինելու: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ