Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ապագան է. ռուս փորձագետը փաստեր է բերում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գիտակցում է, որ Թուրքիայի համար դժվար է Հայեց ցեղասպանության ոճրագործությունը ճանաչելը, սակայն դա պետք է արվի, ինչպես և Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպված ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ՝ ներկայացնելով ՛՛Կովկասում պանթուրքիաստական գործակալական ցանցի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին՛՛ զեկույցը:
Վերջինիս խոսքով՝ հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է թուրք օսմանյան պարագլխի՝ իշխանության գիտակցությամբ ու նրանց գլխավորությամբ, սակայն միջազգային հանրությունը դեռ այն ժամանակ էր վերջակետ դրել հարցին, թե ով է կատարել Եռեղնը, և այդ վերջակետը առաջինը դրել է Եվրոպան, ամենևին ոչ Թուրքիան: Հիմա, ըստ նրա, Թուրքիան պետք է ճանաչի ու քննադատի իր նախնիների կատարած ոճիրը: ՛՛Դա Թուրքիայի ապագան է, դա ցույց կտա Թուրքիայի դերն ու տեղը աշխարհում, դա նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագան է՛՛,-շեշտեց Նադեին-Ռաևսկին: Վերջինս ասաց նաև, որ Եռեղնի իրագործումը ու դրա անպատժելիությունը հիմք դարձավ ֆաշիզմի ծննդին:
Բանախոսը նկատեց, որ թուրքական պատմաբանները չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակ տվյալներ բերել, թե մինչև 1915 թվականը քանի հայ էր ապրում այնտեղ, նշվում է միայն, որ հայերի թիվը քիչ է, սակայն արտասահմանյան պատմաբանները հստակ են նշում, որ այդ ժամանակ հայերի թիվը Թուրքիայում 1.5-3 միլիոնի էր հասնում:
Ապա նա հայտնեց, որ հիմա Թուրքիայում փոքր ինչ փոխվել է ժխտողական քաղաքականություն. որոշ գիտնականներ բացահայտ խոսում են այս ոճրագործության մասին: ՛՛Սակայն այդ գործընթացը բավական դանդաղ է ընթանում, քանի որ տարբեր սերունդները դաստիարակվել են հայերի նկատմամբ ունեցած ատելությամբ՛՛:
Ինչևէ, Վիկտոր Նադեին-Ռաևսկին հույս ունի, Թուրքիան կհավաքի խիզախություն ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Հենարան»-ի արխիվից