Գարունը թեժ է լինելու
ԱՄՆ դեսպանությունն արձագանքեց Հայաստանի իշխանությունների՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշմանն և փաստին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է իրենց այդ որոշումը, ինչն ընդունվել է ի գիտություն և լուրջ առարկությունների չի արժանացել։ Ներքին համոզմունք ունեմ, որ այս քննադատությունն ուղղված էր ոչ այնքան Սիրիա զորախումբ ուղարկելու, որքան ՀՀ նոր իշխանության կողմից ԱՄՆ-ին տրված խոստումներից հրաժարվելու հետ։ Թե կոնկրետ ինչ է խոստացել Փաշինյանը ԱՄՆ-ին, իհարկե դժվար է ասել, բայց վերլուծելով վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու շրջադարձերը, կարելի է եզրակացնել, որ դրանք շատ լուրջ են եղել և Միացյալ նահանգները հետևողական են լինելու տրված խոստումների իրագործման հարցում։
ԱՄՆ դեսպանատան սուր արձագանքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Փաշինյանի Արցախի հակամարտության վերաբերյալ արված՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևից հրաժարվելու մասին արված հայտարարությամբ և այս ամսվա վերջում Իրան կատարելիք այցով։ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունների ունեցած դիրքորոշման կոշտացումը տեղի ունեցավ Դավոսի հանդիպումից հետո, քանի որ մինչ այդ տեղի ունեցած Փաշինյանի ու Ալիևի երկու և ԱԳ նախարարների 4 հանդիպումներից հետո Ադրբեջանը ցուցաբերում էր աննախադեպ լավատեսություն։ Այս լավատեսության հետքն անգամ չմնաց Փաշինյանի դիրքորոշման կոշտացման արդյունքում և Ադրբեջանից արդեն սկսեցին հնչել ռազմատենչ և պատերազմ սկսելու հայտարարություններ։
Իրանի գործոնը նույնպես կարևոր է, քանի որ իր վարչապետ նշանակվելուց հետո Փաշինյանը առանձնակի կարևորություն չէր տալիս Իրանին, ինչը, բնակամաբար, առաջացնում էր ԱՄՆ դրվատանքն ու համաձայնությունը։ Նշված իրողություններն ընդամենը վարկածներ ես, սակայն ցավալիորեն մոտ են իրականությանը և ստիպում են լրջորեն մտահոգվել Հայաստանի անվտանգության հեռանկարով։ Գարունը թեժ է լինելու, տա աստված, որ Հայաստանն ավելի ուժեղացած դուրս գա այս փորձությունից։
Արթուր Ղազինյան