03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր սխալներից արդեն մեր շունչը կտրվում է. Լիլիթ Գալստյան

Տղաներ և աղջիկներ, պետությունն ու նրա ինստիտուտներն այսքան էժանացնելու, մեր պետական խորհրդանիշերը ծաղր ու ծանակի ենթարկելու իրավունք ձեզ ոչ-ոք չի տվել, Facebook-յան էջում գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Գիտեմ, ձեզ համար դժվար է, բայց փորձեք հասկանալ, փորձեք գիտակցել, փորձեք պատկերացնել, թե ինչ աներևակայելի ճիգի, նվիրումի ու զոհաբերությունների արդյունքում է կերտվել Հայաստան պետությունը, ինչպես են քայլ առ քայլ, քար առ քար, կաթիլ առ կաթիլ կառուցվել նրա ինստիտուտները։ 

Թվում էր, թե հասկացաք, ՀՀ Օրհներգի փոփոխության տխրահռչակ գաղափարը հետ քաշվեց։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն հայտարարեց, որ օրակարգում խորհրդանիշերի փոփոխության հարց չկա։ Բայց՝ ոչ, գոյություն չունեցող Սփյուռքի նախարարությունից այսօր Սփյուռքի կառույցներին նամակ է ուղարկվել՝ առաջարկելով, ոչ ավելի, ոչ պակաս, քննել «Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգով փոփոխելու հարցը»։

Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ բորբոքված ուղեղի կամ դրա անհույս բացակայության արդյունքում կարող էր ծնվել Սփյուռքին սովետական հիմնի այլընտրանքը առաջարկելը։ Բայց, իրականում գաղափարը հենց այդ էր, գրության բովանդակությունն արտացոլում է այն մղձավանջը, ինչի միջով անցանք այս օրերին։ 

Բայց խնդիրն այսքանով էլ չի ավարտվում։ Շարունակությունը պակաս զավեշտական չի։ Ինչու՞ պիտի Սփյուռքը քննարկի ոչ պաշտոնական մի առաջարկություն-ցանկություն, եթե անգամ այն հղացել է որևէ պատգամավորի գլխում ու նավարկել ֆեյսբուքյան տիրույթում։ Չհաստատված կառավարության ծրագրի, չհաստատված կառավարության կառուցվածքի պայմաններում, այդ ո՞ւմ անունից եք նամակն ուղարկում։ 

Տղաներ և աղջիկներ, իր բոլոր թերություններով հանդերձ, սա պետություն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ուր կան պետական հաստատված ընթացակարգեր և օրենքներ։ Մի չարաշահեք պարզ բաներ չիմանալու հավանականությունը, ձեր սխալներից արդեն մեր շունչը կտրվում է», – գրել է Լիլիթ Գալստյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ