23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհավասար մրցակցության պայմաններում պետք է խաղից դուրս հայտնվենք ոմանց թեթև ձեռքով. բաց նամակ

Բաց նամակով լրատվամիջոցներին են դիմել անձնագրային ծառայությունների գրսենյակների մոտակայքում ծառայություն իրականացնող փոքր բիզնեսի ներկայացուցիչները։

«Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք դիմում հարյուրից ավելի անհատ ձեռնարկատերերի անունից, հուսով, որ մեր ձայնը կհասցնեք պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելվի մեր դեմ սկսված անօրինական գործունեությունը, որպեսզի չզրկվենք աշխատանքից, որը մեր և մեր հարյուրավոր աշխատակիցների ընտանիքների գոյատևման միակ միջոցն է: Հակառակ պարագայում յուրաքանչյուր օրն ի վնաս մեզ է աշխատում:

Մենք մատուցում ենք պատճենահանման, լուսապատճենման, լուսանկարչական, թարգմանչական և նման այլ ծառայություններ մեր գրասենյակներում, որոնք գործում են անձնագրային ծառայությունների մոտակայքում կամ հարևանությամբ: Մեր հաճախորդները հիմնականում անձնագրային ծառայություններ այցելողներն են:

Սակայն, սկսած անցյալ տարվա նոյեմբեր ամսվանից մեր գրասենյակները փակվելու վտանգի առաջ են հայտնվել: Անձնագրային ծառայության Կենտրոնական /Օվիր-Դավթաշեն/, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր թաղամասերի անձնագրային ծառայությունների շենքերում հայտնվել է տեխնիկայի վերջին խոսքով զինված մի մասնավոր ընկերություն՝ «Հուռնետ» ՍՊԸ /ՀՎՀՀ՝ 02671368/, որը նույն մեր ծառայությունները մատուցում է տեղում, հենց անձնագրային բաժանմունքում, անձնագրային ծառայության աշխատակիցների օգնությամբ: Մեզ հասած տեղեկություններով, այս ընկերությունն աստիճանաբար իր ներկայությունը կապահովի բոլոր անձնագրայիններում: Այնինչ, վստահ ենք, որ ՀՀ օրենսդրությամբ ոստիկանության համակարգում և, մասնավորապես, անձնագրային ծառայությունում ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չկա: Հետևաբար, այս ՍՊԸ-ն պարզապես հովանավորվում է համակարգի կողմից կամ հենց համակարգից են զբաղվում այս բիզնեսով:

Մենք հայտնվել ենք խիստ անհավասար պայմաններում, այդ ընկերության նույն ծառայություններն ավելի մատչելի են, քանի որ արտոնյալ և մենաշնորհային պայմաններում են. տեղակայված են հենց անձնագրայինի ներսում, այցելուների հիմնական հոսքին ուղղորդված, կենտրոնացված ծառայություներ են մատուցում տեղում: Ըստ ամենայնի, վարձակալության, կոմունալ ծախսեր չեն կատարում, ՀԴՄ կտրոն չեն տալիս, /թաքցնում են շրջանառությունը/, հետևաբար և այսքանից հետո կարող են մեզնից ավելի էժան գներով աշխատել, իսկ մենաշնորհը հանրապետությունով մեկ հաստատելուց հետո բնականաբար արդեն հանգիստ կարող են վերանայել գները, մեծացնելով իրենց գերշահույթները:

Երբ այս մասին ֆեյսբուքով ահազանգել ենք Անձնագրային ծառայության ղեկավար պարոն Բիչախչյանին, նա զարմացել է մեր անհանգստության վրա և հայտնել, որ պիտի դեռ ուրախ լինենք, որ մտածում են ժողովրդի մասին և ավելի էժան ծառայություն են մատուցում: Սակայն պարոն Բիչախչյանն այդպես էլ չի ասել, թե ինչ հիմունքներով է մասնավոր ընկերությունը հայտնվել Ոստիկանության մասնաշենքերում:

Առաջարկում ենք կամ մեզ բոլորիս տեղավորել անձնագրային ծառայություններում՝ «Հուռնետ» ՍՊԸ հետ՝ հավասար պայմաններում, կամ այս ընկերությանը դուրս հրավիրել Ոստիկանության անձնագրային բաժանմունքներից՝ մրցակցության հավասար պայմաններ ստեղծելու ակնկալիքով: Հակառակ պարագայում կհամոզվենք, որ սա հենց համակարգի անօրինական բիզնեսն է:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հանրապետության 63 անձնագրային ծառայությունների հարևանությամբ գործում են հարյուրից ավելի գրասենյակներ, որոնք հիմնականում տարածքներ են վարձակալել, վարկեր են վերցրել ՝ տեխնիկա ձեռք բերելու նպատակով, այժմ նոր ՀԴՄ-ի համար ենք դիմել և փաստորեն այս անհավասար մրցակցության պայմաններում պետք է խաղից դուրս հայտնվենք ոմանց թեթև ձեռքով: Իդեպ, աշխատակիցների հիմնական մասն էլ կանայք են:

Սա փոքր բիզնեսի շահերի կոպիտ ոտնահարում է, որի հետ հաշտվել չենք կարող և հուսով ենք, որ այս մասին տեղեկանալով, պատկան մարմինները խնդրին արդարացի լուծում կտան:

Զարմանալի է, որ անգամ նախկին ամենաթող իշխանության օրոք Ոստիկանությունն իրեն նման բան չէր կարող թույլ տալ. հայտնի են դեպքեր, երբ նման փորձերը տեղերում խիստ պատժվել են:

Մենք միասնական ենք, չենք պատրաստվում լռել և կդիմենք քաղաքակիրթ պայքարի բոլոր եղանակներին՝ մեր բողոքը տեղ հասցնելու և արդարությունը վերականգնելու համար: Նոր Հայաստանում փոքր բիզնեսը պետք է պետության հովանավորության տակ լինի և ոչ թե՝ հալածվի ոմանց անձնական շահերի համար»:

Բոլոր գործընկերների անունից՝

Սուսաննա Գրիգորյան, կենսաթոշակառու

Հայկանուշ Նազարյան, միայնակ մայր

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ