Մի բան ակնհայտ է՝ դատական իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք մտորումների տեղիք են տալիս
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը ս.թ. հունվարի 30-ին 1 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին:
Հատկանշական է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ պաշտպանական կողմը բողոքարկել է այն:
Եթե չեմ սխալվում, ներկայումս ազատության մեջ են գտնվում նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ա. Պետրոսյանն ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը, ովքեր նույնպես մեղադրվում են կաշառք ստանալու մեջ:
Եթե անկեղծ, սա հետաքրքիր միտում է, և անչափ ուշագրավ կլինի, թե վերջնական դատական ակտով նշված անձանց գործողություններին ինչպիսի՞ գնահատական կտրվի դատարանների կողմից:
Մի բան ակնհայտ է, որ դատական իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք մտորումների տեղիք են տալիս:
Տեսնենք, թե վերջում ինչ է ստացվելու»: