23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ գումարներով կարելի էր մոտ 5 մանկապարտեզ, 2-3 դպրոց կառուցել, 10-20 ավտոբուս ձեռք բերել. Գառնիկ Վաղարշակյանը՝ պարգևավճարների մասին

Ապրիլ-մայիս ամիսներին ժողովուրդը ցնծություն էր ապրում, և շատերին թվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանավորների բարքերի կրկնություն այլևս չի լինի: Շատերը կարծում էին, որ իշխանության եկած երիտասարդ և հիմնականում անփորձ ակտիվիստները, մերժելով ՀՀԿ-ին, իրապես նոր ոգի և շունչ են հաղորդելու հասարակության առաջընթացին և վերջ է տրվելու բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտին:

Հրապարակային ելույթներում բարձրաձայնվում էր, որ այսուհետ ամեն ինչ լինելու է թափանցիկ, ժողովրդի աչքի առաջ:

Ավաղ, այդ ամենը քարուքանդ եղավ բոլորիս աչքի առաջ…:

Օրերս պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում, մարզպետարաններում և պետական այլ կառույցներում լուրջ պարգևավճարներ են ստացել 1-2 ամսվա աշխատողները` հիմնականում բարձր պաշտոնյաները: Ավելին, քաղաքացիների հարցադրմանը, թե ովքեր են ստացել և որքան, առայժմ մնում է անպատասխան, ինչպես ասում են` յոթ փակի տակ: Ոմանք պարգևավճարների տրամադրումը պատճառաբանում են, որ ներկա պետական այրերը կոռուպցիայով չեն զբաղվում և աշխատավարձը ցածր է, ընդամենը 200-300 հազ.դրամ, և դրա համար էլ բարձր պարգևաճարներ պետք է նրանց տրամադրել:

Բնականաբար հարց է ծագում` իսկ հազարավոր նվազագույն աշխատավարձ ստացողներին կոռուպցիայով զբաղվելու ի՞նչ հնարավորություններ է տրվում:

Առավել համարձակ պետական այրերը հայտարարում են, որ սա անձնական գաղտնիք է և ենթակա չէ թափանցիկ ներկայացման: ԱԺ-ից այս ամենը ներկայացնում են իբրև իներցիոն քայլ: Բնականաբար նախկինները շատ սխալներ են կատարել, և գուցե հենց այդ պատճառով է հասարակությունը նրանց մերժել: Եվ այդ ամենը իներցիայով կրկնելը կարող է ունենալ վատ հետևանքներ:

Անհրաժեշտ է շեշտադրել, որ ազգաբնակչության 30%-ը գտնվում է աղքատության շեմին, իսկ 19-20% գործազուրկ է, և բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես քաղաքացիները կգնահատեն թավշյա հեղափոխության թարմ արդյունքները:

Կարծում եմ, անհրաժեշտ է բաց տեքստով բարձրաձայնել, որ այսուհետ նման շռայլություն չի լինի:

Պետական բյուջեի սղության պատճառով արտաքին պարտքն ավելացնելով և հասցնելով 7 մլրդ. ԱՄՆ դոլարի և այս պայմաններում նման պարգևավճարների հատկացումը պարզապես անթույլատրելի է:

Այդ գումարներով կարելի էր մոտ 5 մանկապարտեզ, 2-3 դպրոց կառուցել կամ էլ 2-3 բժիշկ ավելացնել ռիսկային գոտում գտնվող հիվանդների որոշակի հիվանդանոցներում, անմխիթար և անսարք վիճակում գտնվող գազելների փոխարեն 10-20 ավտոբուս ձեռք բերել…:

Պարգևավճարը պետք է լինի իրապես կատարված աշխատանքի գնահատական, որի համար կան նախապես մշակված չափորոշիչներ, հակառակ պարագայում պետական այրերի նման պարգևավճարները հասարակության կողմից ընդունելի չեն:  

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ