Ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ. Գլխավոր ճարտարապետն ամփոփում է աշխատանքային 100 օրը
Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Մեսչյանն աշխատանքային 100 օրն ամփոփելիս։
«Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», – ասաց Մեսչյանը։
Նա նշեց, որ այդ օրերի ընթացքում 4200 գործ է նայվել քաղաքաշինության ոլորտում, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, շինարարության թույլտվություն՝ շուրջ 170, քանդման թույլտվույթուն՝ 22։
«Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում», – ներկայացրեց գլխավոր ճարտարապետը։
Մեսչյանն ասաց, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի.
«Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն»։
Նոր Նորք համայնքն էլ, ըստ գլխավոր ճարտարապետի, ճոպանուղին կկապի քաղաքի կենտրոնի հետ։
Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ, Մեսչյանի խոսքով, ավելի համեստ ծախսեր է պահանջում։