23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու

Նախկին ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար: Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում “Հին Հայաստանում” այդ պրակտիկան կիրառվում էր և ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, և պարգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:

Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հովհանես Իգիթյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում և այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են: Կարծում եմ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի և դրանց դրսևորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարությունների հետ, հուսով եմ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի. աշխատել է պետք, և որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:

Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների և բարեկամական խմբերի շնորհիվ ինչպես նաև դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձևավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելոռուսի, Շվեցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:

Ձևավորված գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, Եվրանեսթ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում հետևողականորեն պաշտպանել հայկական շահերն ու իրականացնել նաև նախաձեռնողական քաղաքականության: Երկկողմ ձևաչափերում կասեցվել կամ բացառվել են ադրբեջանական նախաձեռնությունները՝ այս կամ այն խորհրդարանում հակահայկական բանաձևերի ընդունման նպատակով: Այդ հարաբերությունները խթանել են ՀՀ անվտանգության ապահովմանը, արցախյան հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը (նախորդ տարիներին տասնյակ խորհրդարանականներ են այցելել Արցախ), տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական հետաքրքրությունների ձևավորմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջ մղմանը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացմանը, համապատասխան հայտարարությունների ընդունմանը, տվյալ երկրի խորհրդարաններում քաղաքական նպաստավոր միջավայրի ձևավորմանը, հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերհանմանը, երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը և այլն:

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Նախ և առաջ սովորեք եղածը պահպանել և հնարավորության դեպքում նաև զարգացնել: Հավատացեք, դա շատ կարևոր է:

Հաջողություն եմ մաղթում ՀՀ ԱԺ նոր կազմավորվող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, բարեկամական խմբերին ու խորհրդարանական պատվիրակություններին: Պատրաստ եմ աջակցել՝ ըստ անհրաժեշտության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ