23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազնիվ կլիներ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստին անդրադառնալով Երևանի զարգացման 5-ամյա ծրագրին, նկատեց, որ այդ փաստաթուղթը նույնական է նախկինին, բայց կան որոշակի ոլորտներ, որոնց պետք է ավելի  մեծ ուշադրություն դարձնել, օրինակ՝ աղբահանության և տրանսպորտի ոլորտներին:

«Աղբահանության մասով զարգացման ծրագիրը նախատեսում է վերանայել Երևանի փողոցների աղբահանության և ձնամաքրման աշխատանքների գործընթացը, իսկ երկրորդ կետով ասվում է, որ բաց և թափանցիկ մրցույթի միջոցով  պետք է ներգրավել նոր օպերատորի:

Քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակներում փորձում ենք հասկանալ՝ թե՛ հանրային տրանսպորտի, թե՛ աղբահանության հետ կապված հստակ ինչ ժամկետներ են նախանշվում:

Մեր նախորդ նիստի ժամանակ քաղաքապետն ասաց, որ կան աշխատանքներ և քննարկումներ երկրորդ օպերատորին ներգրավվելու մասով, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում «Սանիտեքի» հետ»,- նշեց Դավիթ Խաժակյանը և ընդգծեց, որ զարմանալի է, թե ինչու են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում «Սանիտեքի» հետ:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ոլորտին, ապա, ըստ Դավիթ Խաժակյանի, 5-ամյա ծրագրով նախատեսված է մշակել Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանց:

«Անհասկանալի է, թե ինչու պետք է նոր ցանց մշակել, քանի որ այն արդեն մշակված է: Քաղաքապետն ասել է նաև, որ նոր ցանցի ներդրումը կպահանջի առնվազն երկու տարի: Ի՞նչ եք անելու «հուսահատության գազելներից» ազատվելու համար, վերջերս շատ ենք մեջբերում, թե դա ժառանգության է, ու կարծես թե սա արդարացում է, որ մենք ինչ-որ բան չենք կարողանում ավելի լավ անել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Նա Երևանի քաղաքապետին հիշեցրեց, որ պաշտոնը ստանձնելու երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այսօր տրանսպորտի սակագնի թանկացումն օբյեկտիվ չէ.

«Սա արդյո՞ք մեսիջ է, որ գծատերերը հայտ ներկայացնեն, և քաղաքապետարանը հայտնվելով անելանելի իրավիճակում՝ բարձրացնի տրանսպորտի սակագինը»,- հարցադրում արեց Դավիթ Խաժակյանը:

Ինչ վերաբերում է WYG International Limited (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ) ընկերության կողմից Երևանի տրանսպորտային ցանցն ուսումնասիրելուն և քաղաքապետի այն հայտարարությանը, որ, եթե ուսումնասիրության արդյունքները գոհացուցիչ չլինեն, հնարավոր է կրկին սկսել ուսումնասիրությունը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ այդ նախագծից գլուխ հանելու փոխարեն՝ սկսել են այն փնովել:

«Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ասեինք, որ այդ նախագիծն ավելի շուտ չեն կարող իրականացնել և ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա»,- եզրափակեց Դ. Խաժակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ