27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է Ծառուկյանը նվազեցրել ցեմենտի գինը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաեւ ընդգծել է. «Ահա եւ տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»:

Կարծիքներ կան, որ «Արարատցեմենտն» ուղղակի ստիպված էր գնալ այդ քայլին, որովհետեւ շուկայում մրցակցության խնդիր կա, քանի որ մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվում։ Այս տարի մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանը, ունենալով ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարության մասին հետեւյալն է գրել.

«ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է… Մինչ մտածում էի, որ կկարդամ հերթական նոր խոշորագույն ներդրման մասին, պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը ընդամենը կասեցրել է այլեւս շահութաբեր չհամարվող ու սնանկության գնացող ցեմենտի գործարանի կոլապսը, մի քանի տարով հրաժարվել շահույթ ունենալուց, արել է որոշ ներդրումներ տեխնիկական վերազինման ուղղությամբ, հանձնարարել ոչ մեկին չկրճատել, որքան էլ վիճակը դա ստիպում է… Մի խոսքով՝ իր սեփականությունն ու դրա ռիսկերն է կառավարել: Լավ բան է արել, դրվատելի է, բայց… Իմ իմանալով՝ սա կոչվում է՝ ճգնաժամի կառավարում կամ սնանկացման կանխարգելում, բայց որ սա տնտեսական հեղափոխություն է, դրա մասին մտքովս անցնել էլ չէր կարող…Վայ, էս ինչ եք անում, ես ձեր կլասիկ ցավը տանեմ…»։

«168.am»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ցեմենտի գինը նվազել է մրցակցության արդյունքում.

«Միայն խոսելով չէ, պետք է սպասել, տեսնել՝ արդյունքում ինչ կլինի։ Շինարարություն անել ցանկացողները մինչ այժմ ցեմենտի պատճառով չէ, որ չէին անում։ Այնպես որ, ցեմենտն այդ մուլտիպլիկատիվ ազդեցության մեջ մեծ դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ լավ է, որ էժանանում է, խնդիր չկա, բայց բոլոր դեպքերում համաձայն եմ այն կարծիքների հետ, որ դա մրցակցության հետեւանք է։ Իսկ տնտեսական հեղափոխությունը չարաշահել պետք չէ, որովհետեւ նախ պետք է պարզաբանենք՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, իսկ հետո կարող ենք գնահատականներ տալ, եթե դրան ուղղված քայլեր արվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որն ավելի շատ քաղաքական է, բայց որի ազդեցությունը տնտեսության վրա էական է»։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց ցեմենտի գնի նվազումը։ Ըստ նրա՝ կարեւոր քայլ է արվել։

«Նախ շատ լավ բան է արվել՝ արդիականացման տեսանկյունից։ Ցեմենտի հարցը քննարկվում էր նաեւ դեռեւս այն ժամանակ, երբ մենք Իրանից չափազանց ցածր գներով ներմուծումներ ունեինք, եւ մեր երկու խոշոր ցեմենտի գործարաններից ոչ մեկը չէր կարող դիմանալ այդ մրցակցությանը։ Հետեւաբար, այդ տեսակետից անհրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը ձեւավորող կոմպոնենտներում իրական փոփոխություններ լինեն, եւ միանշանակ գովելի են տեխնոլոգիական փոփոխությունները։ Բացի այդ՝ շատ կարեւոր է նույն էներգակիրների մասով տարբերակված սակագնային քաղաքականությունը՝ ցեմենտի արտադրության ոլորտում, որպեսզի կարողանանք որակյալ ապրանք ունենալ մրցակցության տեսանկյունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նախկին նախարարի խոսքով՝ ցեմենտի էժանացումը լավ քայլ է նաեւ այն առումով, որ այն համակարգաստեղծ ապրանք է. «Ցեմենտը շինարարություն է, շինարարությունը նոր տնտեսական աճ է ապահովում, այսինքն՝ սա այդ տեսակետից լավ ոլորտ է։ Այո, ես համակարծիք եմ, որ, եթե հեղափոխության այլ ձեւակերպումներ չկան, իսկ այս պահին դեռեւս այլ ձեւակերպումներ չկան, այսպիսի քայլերը կարելի է համարել տնտեսական հեղափոխության առաջին քայլ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ