Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի անձնական բյուջեի՞ն է մուծվում. Hayeli.am
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի համեմատ, թեպետ ամենաուշագրավը այն , որ կարծես ոչինչ չի փոխվել գործարա Սամվել Ալեքսանյանի կյանքում: Պարոն Լֆիկի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ»-ը կարծես մնայուն արժեք է բոլոր ժամանակներում, բոլոր եղանակնեին, բոլոր իշխանությունների ժամանակ: Ինչպես անցած, այնպես էլ այս տարի այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 16 միլիարդ 175 մլն դրամ հարկեր։ Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ժամանակահատվածում նույն ընկերությունը վճարել է 17 միլիարդ 164 մլն դրամ հարկ։ «Ալեքս Հոլդինգ»-ը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով կրկին խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը:
Համեմատությունից կարելի է ենթադրել, որ մինչեւ դեկտեմբեր այս հոլդինգը դժվար թե ավելին հարկ վճարի, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածը: Ստացվում է, որ նոր իշխանության հայտարարած կոռուպցիայի, հարկեր թաքցնլու դեմ պայքարը կիրառվում է ընտրողաբար, ում նկատմամբ Փաշինյանը ցանկանում է: Բանն այն է, որ այս տարվա մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր իրականացրել «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում և ըստ հաղորդագրության՝ միլիոնների շարաշահումներ էր հայտնաբերել:
Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ հարկեր են թաքցվում «Ալեքս հոլդինգը» ինչպես նախորդ , այնպես էլ այս տարի բարեխիղճ կերպով վճարել ու վճարում է հարկերը եւ հարկային ավելացումներ հատկապես այս տարի տեղի չի ունեցել:
Հետեւաբար ստացվում է, որ կամ ԱԱԾ-ի ստուգումներն ու հայտնաբերած չարաշահումներն էին կեղծ եւ իրականությանը չէին համապատասխանում, կամ էլ Ալեքսանյանի գրանած գումարները վերադարձվել են, բայց ոչ պետբյուջե: Նոր իշխանությունները նախկինների նկատմամբ տնտեսական հաշվեհարդարում ըստ էության ստեղծել են փակ համակարգ, որտեղ հանրությանը չի իրազեկվում՝ ումից եւ որքան գումար է վերադարձվել եւ որքանն է գնացել պետբյուջե, որքանը Փաշինյանի ընտանեկան բյուջե:
Յոթամսյա կյանք ունեցած իշխանականների շռայլությունը սեւեռել է շատերի ուշադրությունը, բայց հիմնավորումները, թե թանկարժեք քարոզարշավը, իշխանական փարթիները եւ այլ ծախսեր իրականացվում են միայն նախընտրական դրամահավաքի ժամանակ հավաքված գումարով, ծիծաղաշարժ են: Հայաստանը փոքր երկիր է եւ նման լուրերը տարածվում են լույսի արագությամբ ու արդեն շատերն են խոսում, թե ինչպես են Լֆիկներն ու իր նմանները դարձել հեղափոխականների նոր ստնտուն:
Թե ինչպես են որոշ դեպքում ինքնակամ, հաճախ էլ պարտադրված մուծվում իշխանական կասային եւ հատկապես այդ քսակը տնօրինողին: Այնպես որ մինչեւ տարեվերջ պարզ կդառնա, թե ովքեր են բոլոր ժամանակների ծառաները, անկախ նրանից, թե ով կդառնա իրենց տերը:
Անի Սահակյան
Աղբյուրը` Hayeli.am