27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Հայոց աշխարհ

Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երեւույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։   

Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են։ Ընդ որում՝ ոչ թե նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երեւույթների հետեւանք կարող է լինել, այլ նախորդ տարվա համեմատ։   

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երեւանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը կտրուկ է. ասենք, Արաբկիրում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել 37, Նուբարաշենում՝ 25, Քանաքեռ-Զեյթունում՝ 15 տոկոսով։   

Պասիվացման միտումը հոկտեմբերին արտահայտվել է նաեւ մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առք ու վաճառքի գործարքները կրճատվել են 1,5 տոկոսով։   

Այս պայմաններում, թե ինչ աննախադեպ աշխուժության մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է։  

Տեւական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Դրական սպասումները խորացան նաեւ իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել։   

Դա նշանակում է, որ շուկայի պոտենցիալ մասնակիցների սպասումները չե՞ն արդարացել, թե՞ ի հայտ են եկել նոր ռիսկեր։ Այս հարցերին առայժմ վաղ է պատասխանել։ Մանավանդ որ թե՛ մեկ, թե՛ մյուս առումով խնդիրներ եղել են։ Բայց թե դրանք որքանո՞վ են ազդել բնակարանային շուկայի մասնակիցների մտադրությունների վրա, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։   

Մի բան ամեն դեպքում անկասկած է, որ իշխանափոխությունից հասարակության ակնկալիքները մնում են չբավարարված։ Չնայած խոստումներին, այնուհանդերձ մարդկանց եկամուտների աճ նկատելի չէ։ Ավելին՝ մի շարք գործոնների հետեւանքով տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում։   Վերջին մի քանի ամիսներին բարվոք չէ նաեւ տնտեսական վիճակը։ Չկան ապագային միտված դրական հեռանկարներ։   

Սրանք գործոններ են, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ բնակարանային շուկայի մասնակիցների սպասումների վրա։ Իշխանափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին, որ կյանքը եւ ապրելու պայմանները Հայաստանում կլավանան, տնտեսությունը կաշխուժանա, առաջին անհրաժեշտության ապրանքների գները կնվազեն, կստեղծվեն աշխատելու եւ արժանապատիվ վաստակելու հնարավորություններ։   

Սակայն անցած ամիսների փորձը ցույց տվեց, որ այդպես չէ։ Սպասելիքները չեն իրականանում։ Ու դեռ պարզ չէ, թե դա երբ կարող է լինել։    Բնակարանային շուկայում գործարքների կրճատման վրա անշուշտ կարող էին որոշակի ազդեցություն ունենալ նաեւ այլ գործոններ, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններով պայմանավորված սպասումները։ Ամեն դեպքում, այն, ինչ արձանագրվել է մայրաքաղաքի բնակարանային շուկայում հոկտեմբերին, չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, որի մասին խոսում է վարչապետի պաշտոնակատարը։  

Եթե պահպանվի գոյություն ունեցող միտումը, ապա անշարժ գույքի առք ու վաճառքի պասիվացումը իր հետեւից կարող է կրկին անդունդը քարշ տալ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը՝ ի դեմս շինարարության, որը հազիվ դուրս է եկել տեւական անկումից։ Թեեւ վերջին մի քանի ամիսներին այստեղ արդեն ոչ ցանկալի երեւույթներ կան։ Զգալիորեն նվազել է շինարարության աճի տեմպը։ Առանձին ամիսներին նախորդ տարվա համեմատ աճը գրեթե զրոյական է։   

Իհարկե, դեռ վաղ է շինարարության ոլորտի այս դրսեւորումները պայմանավորել բացառապես մայրաքաղաքի բնակարանային շուկայում հոկտեմբերին նկատված միտումներով։ Բայց դրանք փոխկապակցված են, եւ ինչ-որ պահից հետեւանքները կարող են ավելի առարկայական լինել։   

Ի տարբերություն մայրաքաղաքի, բնակարանային շուկայում առք ու վաճառքի գործարքների ակտիվությունն առայժմ պահպանվում է մարզերում։ Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին միտումը դրական է եղել։ Բայց սա չի նշանակում, թե մարզերում ռիսկեր չկան։   

Բնակարանային շուկայի զարգացումների հարցում շատ ավելի էական է Երեւանի վիճակը։ Ինչպես աշխուժացումը, այնպես էլ պասիվացումը սովորաբար սկսվում է մայրաքաղաքից։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում նույն միտումները կարող են արտահայտվել նաեւ մարզերի բնակարանային շուկայում։   

Այնպես որ, ինչքան էլ անշարժ գույքի շուկայի տարեկան պատկերը դրական է, այնուհանդերձ վերջին շրջանում այստեղ նկատվում են երեւույթներ, որոնք խորանալու դեպքում կարող են դարձյալ խնդիրներ ստեղծել ինչպես շուկայի անմիջական մասնակիցների, այնպես էլ շինարարության ոլորտի զարգացումների համար։ Նորություն չէ, որ անշարժ գույքի, առավել եւս բնակարանային շուկայի ակտիվությունն ուղղակիորեն կապված է հասարակության եկամուտների հետ։ Չնայած բնակարանների նկատմամբ ներկայացվող բարձր պահանջարկին, վճարունակությունը Հայաստանում ցածր է, ինչն էլ շուկայի ակտիվության վրա ազդող հիմնական գործոններից մեկն է։   

Հաշվի առնելով թե՛ տնտեսության զարգացման միտումները, թե՛ սոցիալական իրավիճակի փոփոխություններն ու առաջիկա ակնկալիքները՝ առայժմ դժվար է երկարատեւ հեռանկարում մեծ հույսեր կապել բնակարանային շուկայի ակտիվացման հետ։ Որքան էլ վարկավորման ոլորտում նկատվող տեղաշարժերը դրական գործոն են շուկայի համար, այնուհանդերձ դրանց ազդեցությունը չի կարող էական լինել այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք չեն ավելանում հասարակության եկամուտներն ու գնողունակության մակարդակը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ