27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատասխան տալու ժամանակը. Հայոց աշխարհ

Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Թե դա ինչ կտա երկրի տնտեսության ու հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։  

Մի բան պարզ է, որ արագ փոփոխություններ անիմաստ է սպասել։ Իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ հասարակության շրջանում ձեւավորված սպասումները չափազանցված էին, տրված խոստումները՝ ոչ իրատեսական։ Իշխանության եկած քաղաքական ուժերն ի վիճակի չեղան կատարել իրենց խոստումները։ Անգամ այնպիսիք, որոնց լուծումը թվում էր, թե մեծ ջանքեր չի պահանջում։   

Իշխանափոխությունից ութ ամիս հետո սոցիալական վիճակը Հայաստանում շարունակում է մնալ նույնքան լարված, որքան նախկինում։ Տնտեսությունն առայժմ միայն հետընթաց է գրանցում. ի հայտ եկած սպասումներն ու անորոշությունները պահպանվում են։   

Ազգային ժողովի ընտրություններն ու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն այդպես էլ չտվեցին այն հարցերի պատասխանները, որ կուտակվել էին իշխանափոխությունից հետո։ Հայտնի չէ, թե ի վերջո հասարակությունը ե՞րբ կզգա քաղաքական փոփոխությունների դրական ազդեցությունը սեփական մաշկի վրա։ Այն, ինչ մտադիր է անել քաղաքական իշխանությունը երկրում սոցիալական վիճակի բարելավման առումով, լավատեսության որեւէ հիմք չի տալիս։   

Ինքնահոսի է մատնված տնտեսությունը։ Չկա զարգացման տեսլական։ Պարզ չէ, թե ինչպե՞ս պետք է իրականացվի այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսվում էր մինչեւ ընտրությունները։ Անելիքները բազմաթիվ են, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։   

Թե ինչպես կփոխվի իրավիճակը առաջիկայում, ցույց կտա ժամանակը։ Ընտրությունների հետ կապված կառավարությունը ձեւավորել է որոշակի սպասումներ։ Խոսքը ինչպես ներդրումների, այնպես էլ տնտեսության մեջ իրականացվող փոփոխությունների մասին է։    Իշխանափոխությանը հաջորդող շրջանում Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չստացավ խոստացած ներդրումները։ Կառավարությունը հույս ունի, որ վիճակը կփոխվի ընտրություններից հետո։   

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել։ Ամեն դեպքում, ներդրումային բում, որի մասին խոսվում էր ոչ վաղ անցյալում, առաջիկայում Հայաստանին չի սպառնում։ Եվ ընդհանրապես դժվար է նման հույսեր փայփայել նաեւ հետագայում։   

Հայաստանի տնտեսությունը լուրջ խոչընդոտներ ունի ներդրումների ներգրավման ճանապարհին։ Խոսքը ամենեւին էլ միայն ներդրումների պաշտպանվածության եւ ներդրումային մթնոլորտին չի վերաբերում։ Որքան էլ հայտարարվի հավասար մրցակցային միջավայրի ապահովման եւ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին, միեւնույն է, դա շատ բան չի փոխում ներդրողների համար։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված չէ միայն տնտեսական գործոնների հետ, թեեւ դրանք պակաս կարեւոր չեն։   

Հայաստանը լուրջ խնդիր ունի մասնավորապես ենթակառուցվածքների եւ հաղորդակցության ուղիների հետ կապված։ Ներքին շուկան խիստ սահմանափակ է սեփական արտադրության իրացման համար։ Ուստի անհնարին է պատկերացնել տնտեսության զարգացումը առանց արտահանման։   

Այստեղ է, որ անկախ բազմաթիվ այլ պայմաններից, ներդրողները բախվում են լուրջ դժվարությունների։ Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ ի դեմս Վերին Լարսի, տարվա գրեթե բոլոր եղանակներին խնդրահարույց է։ Այդպես էր ինչպես նախկինում, այդպես է այժմ։ Իշխանափոխությունից հետո չնայած ձեւավորված դրական սպասումներին, այս ոլորտում որեւէ առաջընթաց չկա։   

Ավելին՝ մի պահ խոչընդոտներ ծագեցին ճանապարհային այս հանգույցով որոշ բեռների տեղափոխման հետ կապված։ Թեեւ այն ժամանակավոր լուծում ստացավ, այնուհանդերձ խնդիրը շարունակում է մնալ։   

Այլընտրանքային ճանապարհները Հայաստանի համար շարունակում են մնալ անհասանելի։ Այս պայմաններում արդարացված չեն խոշորածավալ ներդրումների հույսերը։   

Սա իհարկե չի նշանակում, թե ներդրումային սպասելիքներ ընդհանրապես չեն լինելու։ Ներդրումներ կլինեն, բայց ոչ մեծ ծավալներով։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ արտահանման նպաստավոր ենթակառուցվածքների բացակայությունն արտաքին շուկաներում խնդիրներ կհարուցի հայաստանյան ապրանքների մրցունակության համար։   

Առանց ներդրումների անիմաստ է հեղափոխական կամ թռիչքային աճ ակնկալել Հայաստանի տնտեսության մեջ։ Դա նշանակում է, որ չի սպասվում նաեւ սոցիալական խնդիրների արագ լուծում։   

Առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում տնտեսական գործընթացներում՝ Հարկային օրենսգրքի հետ կապված։ Բայց դեռ ժամանակ է պետք դրանց արդյունավետության մեջ համոզվելու համար։ Ու դեռ հարց է՝ դա կտա՞ ցանկալի արդյունք, թե՞ ինչ-որ պահից կրկին կվերնայվի։   

Այնպես որ, Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ սոցիալական իրավիճակի հետ կապված հեռանկարները շարունակում են նույնքան մշուշոտ լինել, որքան մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Թե առաջիկայում որքանով կհաջողվի վերացնել գոյություն ունեցող մտահոգությունները, դժվար է ասել։ Գլոբալ խնդիրները, որոնք եղել են, կան եւ առաջիկայում լինելու են Հայաստանի տնտեսության մեջ, հեշտ լուծվող չեն՝ անկախ նրանից, թե ով կղեկավարի քաղաքական իշխանությունը։   

Ուստի պետք չէ հին խոստումներով հրաշքներ գործելու պատրանք ստեղծել, ինչը փորձ է արվում անել իշխանափոխությունից հետո։ Ի վերջո, գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ