27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին սպասում է դաժան հիասթափություն. Հայոց աշխարհ

Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք։ Նախաձեռնության հեղինակները համարեցին, թե դա դաժանություն է ձկնիկների նկատմամբ, քանզի «խեղաթյուրված պատկերացում է տալիս շրջակա իրականության մասին»։  

Այնպիսի տպավորություն է, թե քարոզարշավին մասնակցող ոսկե ձկնիկ-իշխանավորները, վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ապրում են կլոր ակվարիումներում. այնքան որ խեղաթյուրված են նրանց պատկերացումները շրջակա իրականության մասին։   

Անցնում են մի բնակավայրից մյուսը, միտինգներ կազմակերպում եւ խոստանում ոսկե սարեր, հեքիաթներ պատմում իբր կատարած աշխատանքի մասին, սովորեցնում բոլորին, թե ինչպես է պետք աշխատել ու ապրել։  

Ի դեպ, փոխարինելով մահապատիժը ցմահ բանտարկությամբ, նախորդ «բռնապետական ռեժիմը» դրսեւորեց չտեսնված եւ, մեր կարծիքով, չարդարացված մարդասիրություն։ Եթե գնդակահարությունը փոխարինվեր Փաշինյանի խոստումների մեկժամյա ունկնդրությամբ, ապա հանցավորությունը երկրում կտրուկ կնվազեր։ Դատապարտյալները կաղաչեին դատարաններին ուժի մեջ թողնել գնդակահարությունները եւ լուրջ մեղք չվերցնել հոգուն, ստիպելով լսել ամեն ինչի թռիչքային աճի մասին առաջնորդի մտավարժանքները։   

Ինչ վերաբերում է բոլորին ամեն ինչ սովորեցնելու անհաղթահարելի ցանկությանը, ապա զարմանալ չարժե։ Բոլշեւիկները միշտ էլ սիրել են բոլորին կյանքի դասեր տալ։ Գյուղացիներին՝ թե ինչ եւ ինչպես ցանել։ Բժիշկներին՝ ինչով եւ ում բուժել։ Հղիներին՝ ում եւ երբ ծննդաբերել։ Անգլիացիներին՝ խոսել անգլերեն։ Ալպինիստներին՝ գրոհել բարձունքները։ Խեղդվողներին՝ խեղդվել։ Արեգակին՝ շողալ։   

Ով համաձայն չէր, նրանց գնդակահարում էին, այնուհետ հայտարարում քաղաքական պոռնիկներ ու տրոցկիստներ, իսկ հետո նորից գնդակահարում։   

Երբ փորձում ես բացատրել իշխանական քարոզիչներին իրական վիճակը, թվերը ձեռքիդ ցույց տալիս, որ անխտիր բոլոր ոլորտներում արձանագրվում է սրընթաց նահանջ, որն անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ ճգնաժամի, նրանք անասելի վրդովվում են։     Ճգնաժամ Նոր Հայաստանում պարզապես չի կարող լինել։ Ճգնաժամն ու Նոր Հայաստանը երկու անհամատեղելի բաներ են։ Ով մեզ մոտ ճգնաժամով գա, ճգնաժամից էլ կսատկի։   

Հպարտ քաղաքացուն ամեն մի ճգնաժամից դուրս կբերի երազանքը, դրա համար էլ նրան չեն հաղթի սեւ ուժերը երբեք։ Հպարտ քաղաքացիները պարզապես կընկղմվեն սեփական երազանքի մեջ ու կապրեն այնտեղ որքան ուզենան։  

Եվ ընդհանրապես, «ճգնաժամ» տերմինը Նոր Հայաստանի նկատմամբ կիրառելը անհրաժեշտ է ճանաչել քաղաքականապես սխալ։ Դրա օգտագործումը պիտի հավասարեցվի հեղափոխության հանդեպ դավաճանության։ Տերմինի առաջին օգտագործման համար. գնդակահարություն մանր պատառների՝ Հանրապետության հրապարակում կախաղան հանելու միջոցով։ Երկրորդ չարաշահման համար՝ պառկեցնել ասֆալտին, ծեփել պատերին ու բռնել վզից։  

Կարելի է եւ հակառակը. դա սկզբունքորեն կարեւոր չէ։ Կարեւորն այլ բան է։ Ինչ տերմինով փոխարինել վերոնշյալ բառը։ Կարելի է պարզապես ասել «տերմին»։ Օրինակ, սեւ ուժերը պնդում են, թե շուտով մեզ սպառնում է տերմինը… եւ այսպես շարունակ։  

Կա եւս մեկ տարբերակ։ Փոխարինել «ճգնաժամ» տերմինը դրա հոմանիշներից մեկով. երջանկություն, հաջողություն, բարօրություն, վստահություն վաղվա օրվա հանդեպ, կայունություն եւ այլն։     

Դեռ երբեք իշխանությունը Հայաստանում չէր ստել այն աստիճան լկտիաբար ու ցինիկորեն, որքան այս քարոզարշավի ընթացքում։    Տնտեսությունը անկում է ապրում, իսկ մեզ ասում են թռիչքային աճի մասին։ Ներդրումներ գործնականում չկան, իսկ մեզ հեքիաթներ են պատմում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումների շուրջ բանակցությունների մասին։ Բարձրանում են ամեն ինչի գները, իսկ մեր աչքն են խոթում էժանացած բանանը։ Իրական աշխատատեղերը կրճատվում են, իսկ մեզ…  

Բաժանում են հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների», ուղարկում «աղբանոց», սպառնում պառկեցնել ասֆալտին ու ծեփել պատին, մարդկանց միջեւ ատելություն եւ թշնամանք են սերմանում, իսկ հայտարարում են «սիրո եւ համերաշխության» մասին։  

Կամքը ձերն է, բայց ոչ մի լավ բանով սա ավարտվել չի կարող։ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունում պատմվում է, թե ինչպես է մեծ պետության ոմն ղեկավար որոշում, իր իսկ խոսքերով, դնել «հոգսերի լուծը» երիտասարդ ուսերին, «հրաժարվում իշխանությունից, հողի հանդեպ իրավունքից եւ երկրի կառավարումից»։ Եվ բաժանում պետությունը ժառանգորդների, տվյալ դեպքում՝ դուստրերի միջեւ։  

Մինչեւ վերջ չկշռադատված այդ արարքի հետեւանքները պիտի արցունք քամի դյուրազգաց հանդիսատեսի աչքերից. ի վերջո երեք դուստրերն էլ զոհվում են, հընթացս սպանվում է Բրիտանիայի գրեթե ողջ վերին ընտրախավը, ինչպես նաեւ սահմանակից երկրների ղեկավարները, պետությունը մասնատվում է, ծավալվում են ռազմական գործողություններ, ըստ որում՝ քաղաքացիական պատերազմն ուղեկցվում է արտաքին ներխուժմամբ։ Ինքը՝ Լիրը, խելագարվում է եւ մահանում։  

Կելտական պատմության իրական անցքերի վրա հիմնված եւ Շեքսպիրի ամենաարյունոտ ստեղծագործություններից մեկը համարվող պիեսի իմաստը շատ պարզ է. չի կարելի խաթարել կայունությունն ու իրերի հաստատուն կարգը։   

Մեր «Լիր արքան», բնականաբար, երբեք հոժարակամ չի հրաժարվի իշխանությունից, իսկ «ժառանգորդներին» կխեղդի դեռ օրորոցում, բայց դա չէ գլխավորը։ Այլ այն, որ կայունությունն ու իրերի հաստատուն կարգը հայոց աշխարհում անհուսալիորեն խաթարված են։ Թե ինչի դա կարող է հանգեցնել, կարդացեք Շեքսպիր։  

Չենք վիճում, գուցե այս իշխանությունն իսկապես ցանկանում է ինչ-որ օգտակար ու լավ բան անել, նրանք հո թշնամի չե՞ն սեփական երկրին։ Բայց չի կարողանում։ Փորձեք գիտափորձ անցկացնել։ Թող ձեր ձախ ոտքը շարժվի ժամում երեք կիլոմետր արագությամբ, իսկ աջը՝ ժամում վեց կիլոմետր արագությամբ։ Եվ ի՞նչ։ Չստացվե՞ց։ Ուրախացեք, որ գոնե ձեր գլուխը ջարդուփշուր չարեցիք։  

Նոր Հայաստանի իշխանությունների հետ կատարվում է համանման մի բան։ Մի կողմից՝ նապոլեոնական ծրագրեր ու կեսարական հավակնություններ, մյուս կողմից՝ ակնհայտորեն անբավարար հնարավորություններ։ Հիշո՞ւմ եք «Կովկասի գերուհին» հիանալի ֆիլմը. «Ուրեմն խմենք այն բանի կենացը, որ մեր ցանկությունները միշտ համընկնեն մեր հնարավորություններին»։  

Վախենանք, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին սպասում է դաժան հիասթափություն, որը սովորություն ունի փոխարկվելու արդար զայրույթի։ Հիշո՞ւմ եք անեկդոտը։   

Դուրս է գալիս Կառլո հայրիկը կոյուղուց՝ ոտքից գլուխ կղանքի մեջ. միայն չռված աչքերն են երեսին երեւում։ Ու մրթմրթում է.  

-Դե, սպասի՛ր, փոքրիկ տականք, տուն կգաս, չէ՞… Ես քեզ ցույց կտամ ե՛ւ ստորերկրյա քաղաք, ե՛ւ կախարդական թատրոն, ե՛ւ ոսկե բանալի, ե՛ւ գաղտնուղի դեպի հրաշքների դաշտ։  

Հենց Կառլո հայրիկի դրության մեջ կհայտնվեն հպարտ քաղաքացիները, որոնց հեղափոխական բուրատինոները գարնանը՝ խոստանալով երկնային մանանա, առաջնորդեցին երջանկության որոնումների:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ