Նորակոչիկների պատվաստումները զորակոչից մի քանի ամիս առաջ
Առողջապահության նախարարությունը նոր համակարգ է մշակել՝ այսուհետ նորակոչիկներին պատվաստելու են առաջիկա զորակոչից մի քանի ամիս առաջ: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատվաստումներ արվելու են ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը հնարավորություն կունենա լինել տանը:
Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգը կիրականացնեն ամառային զորակոչի ընթացքում, և դրա համար համապատասխան կարգը կա, որոշումներն ընդունված են:
Նա նաև ընդգծեց, որ բնականաբար, կարող են լինել անձիք, որ հրաժարվեն այդ պատվաստումներից, բայց դա հիմք չի լինի ծառայությունից հրաժարվելու համար:
Լրագրողների հարցին, թե արդյոք այս որոշումը պայմանավորված է ձմեռային զորակոչի ընթացքում պատվաստումներից առաջացած բարդություններով, փոխնախարարը բացասական պատասխան տվեց. ՛՛Դեռ ձմեռային զորակոչից առաջ էր քննարկվում, որ պատվաստումները վերջին փուլից բերվեն նախորդ փուլ՛՛: