Տպավորությունն այնպիսին է, որ այժմ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են. Սվիտալսկի
Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվեց խոսքի եւ հավաքների ազատության ապահովման հարցում բարձրագույն ցուցանիշի հասնել: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպացի դիվանագետը հույս հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի իշխանությունները կկարողանան նվազագույնի հասցնել ատելությունը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասաբար է ազդում քաղաքական մշակույթի վրա: «Հուսով ենք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի ձեւավորել ամենաբարձր չափանիշի ժողովրդավարություն», – ասաց Սվիտալսկին:
Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին ունեցած իր տպավորությունների մասին հարցին, Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ այժմ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են: Դեսպանի խոսքով, այս համատեքստում մեծ նշանակություն ունեն լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական դասը:
Հարցին, արդյոք Հայաստանում ինքնագրաքննություն կա, դեսպանն ասաց, որ այդ մասին պետք է լրագրողներին հարցնել: Ըստ Սվիտալսկու, Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքի համար նոր օրենսդրություն եւ մթնոլորտ է պետք: ԵՄ-ն պատրաստ է լրատվամիջոցների համար նոր միջավայրի ստեղծմանը նպաստել, որը ազատ աշխատանք կապահովի: