Հասարակության կիրքը բնական՝ Բարուդ առջև է հալվում չքանում
Ահա և կամքիդ երկայնամիտ ու պայծառ Լույսի մեջ՝ ծածկվե՛ց լրիվ, ընկղմվեց հալվե՛ց չարությունն հանուր, որպես թե փոքրիկ մի ամպի մռայլ՝ արևի տապից, և նույնի նման հասարակության կիրքը բնական՝ Բարուդ առջև է հալվում չքանո՛ւմ:
Որովհետև որ մարդկանցից ո՞վ կա, որ մեղսագործեց ու չզղջացավ, ո՞վ զազրագործեց՝ հետո չամաչեց, ո՞վ գարշագործեց ու չպատկառեց, ո՞վ սխալվեց ու՝ ապա չդիմեց ապաշխարության, ո՞վ էր կործանվեց ու չհեծեծաց, ո՞վ գայթակղվեց ու չստերջացավ, ո՞վ պարտվեց ու՝ հետո չփակեց բերանն իր հոխորտ, ո՞վ պատրանքներով ընկավ ու հետո հոգոց չհանեց, ո՞վ խմեց լեղի ու չդառնացավ:
Բարձր մի տեղից ո՞վ ընկավ ներքև ու վեր չցատկեց, ո՞վ էր կորցրեց մեծությունն իր վեհ և չապաշխարեց, ո՞վ զրկվեց իր երանությունից, հետո լաց չեղավ, ո՞վ կողոպտվեց Քո փառքի շնորհից, հետո չըողբաց, ո՞վ վնասակար գտավ ինքն իրեն և ինքը իրեն չմեղադրեց, ո՞վ մերժվեց իր Աստծո երեսից ու չհառաչեց, ո՞վ ինքն իսկ լսեց սպառնանքն Աստծո ու սոսկում չապրեց, ո՞վ թեկուզ մեկ հեղ չարի հետ եղավ՝ հազա՛ր չավաղեց, ո՞վ ձմռան օրով լրիվ մերկացավ ու չսարսռաց, ո՞վ անօրինության գործեր կատարեց և չքարկոծե՛ց մտքում ինքն իրեն, ո՞վ ստրուկին տեսավ մեծ դիրքում ու չխայթվեց:
Ո՞վ չարիք գործեց և ինքը իր դեմ նզովք չկարդաց, ո՞վ ախտավորվեց և չպարսավեց ապա ինքն իրեն, ո՞վ ամոթալին գործեց՝ մարմինն իր չձաղկեց հետո, ո՞վ հայեց աչքն իր այն ամենին, որ ամո՛թ են մարդուն և իր անկատար օրը չանիծե՛ց, ո՞վ իր անօրեն գործերն հիշեց ու չընկավ ջերմի մեջ, ո՞վ մտաբերեց իր գաղտնիքները՝ և չխորովվե՛ց, աներևույթներին ո՞վ կերպավորեց ու չկորացավ կրկին վար՝ երկի՛ր, ո՞վ էր մեղքերի իր հեշտանքներին անշեջ հնոցի բոցը չխառնեց, ո՞վ վնասակար բնավորության գծերն իր դիտեց և չպապակե՛ց, ո՞վ կա, որ հիշեց իր ներգործությամբ չարիքներն եղած և իր սատակման համար չաղոթե՛ց, ո՞վ անճառելի բաներին նայեց և չխռովվեց, ո՞վ անկրելի բաներ կրեց ու չընկավ թախծի մեջ, կամ այդ բեռներից մեծամեծերն ու՝ ինքը չմաշվե՛ց, ո՞վ ինքն իսկ տեսավ ապականողներին իր անբծության ու չտոչորվեց, ո՞վ տեսավ իրեն տարագրության լացերին պատճառ ու չտագնապե՛ց, ո՞վ տեսավ երեսն աղտեղության մեջ և չհամարեց անձն իր արժանի վերին բարկության, ո՞վ իր աչքերին, թեկուզ մի՛ մեղք, որ՝ գործել էր արդեն, կրկին պատկերեց և մահվան զենքից խոցեր չստացա՛վ, խայտառակություններն իր՝ ո՞վ հիշեց, հետո վայեր չգոչե՛ց՝ վհատությունը հեծեծանքների ձայնին խառնելով:
Մեկը կա՞ արդյոք, որ արքայական գահից զրկվելով դարձավ մի տնանկ ու կարկամելով վայր չգլորվեց, ո՞վ իր պսակի պերճության փոխան հող դրեց գլխին և չմահացավ՝ կրկնակի էլ հոգին դնելով չարչարանքներում, ո՞վ է, որ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ վրան ու խիստ չտխրեց, մեկը կա՞, որ իր կյանքը կորցներ ու չհեկեկար արյուն արցունքով, ո՞վ լույսի փոխան իր վրա գցեց խավար վերարկու ու չընվաղեց, մեկը կա՞, որ իր սիրելու վրա սգար շարունակ ու չթառամեր:
Մատյան ողբերգության
Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի